Apple-ը մշակում է տեխնոլոգիա, որը թույլ կտա չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ առանց մաշկը ծակելու։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ արտադրողն արդեն որոշակի առաջընթաց է գրանցել E5 նախագծում և մտադիր է, ի վերջո, օգտագործել այն Apple Watch-ում։ Եթե Apple-ը նման համակարգ ավելացնի իր կրելի սարքերում, ապա հնարավոր է, որ դիաբետ ունեցող միլիոնավոր մարդիկ օգտվեն այս սարքերից:
Աղբյուրը նշում է, որ այս տեխնոլոգիան կամրապնդի ընկերության դիրքերը առողջապահական լուծումների ոլորտում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-րդ մարդը շաքարային դիաբետ ունի, իսկ արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը չափելու համար մինչ այժմ նրանք հիմնականում ստիպված են եղել օգտագործել միայն մաշկը ծակող սարքեր՝ չափման ժամանակ արյան նմուշ ստանալու համար:
Apple-ի նոր տեխնոլոգիան, սակայն, աշխատում է «սիլիկոնային ֆոտոնիկայի» և «օպտիկական կլանման սպեկտրոսկոպիայի» գործընթացի վրա։ Այս տեխնոլոգիան օգտագործում է լազերներ և սենսորներ՝ առանց մաշկը ծակելու արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիան չափելու համար, ինչպես նաև հատուկ ծրագրակազմ՝ ստացված տվյալները մեկնաբանելու համար։
Այս նախագծի վրա աշխատում են Exploratory Design Group-ի (XDG) հարյուրավոր ծրագրավորողներ. սա ընկերության ամենագաղտնի նախաձեռնություններից մեկն է: Apple-ի այս տեխնոլոգիայի մասին լուրը մի պահ ազդել է դիաբետի տեխնոլոգիաների ոլորտում ընկերության ապագա մրցակիցների (ինչպիսիք են Dexcom-ը և Abbott-ը) բաժնետոմսերի գների վրա։ Abbott-ն արդեն հայտարարել է, որ աշխատում են մոնիտորինգի նոր արտադրանքների վրա, մինչդեռ Apple-ը, ընդհակառակը, հրաժարվել է մեկնաբանություններից։
Վերջին 10 տարիների ընթացքում գլյուկոզայի մոնիտորինգի տեխնոլոգիան Apple-ը հարյուրավոր մարդկանց վրա է փորձարկել։ Ենթադրվում է, որ այժմ տեխնոլոգիան դեռ գտնվում է կոնցեպտի ապացուցման փուլում: Ըստ տեղեկությունների՝ համապատասխան սարքը դեռ պետք է ավելի կոմպակտ դառնա․ առայժմ մշակողները փորձում են ստեղծել սարքի նախատիպը, որն իր չափերով iPhone-ի կեսի չափ կլինի, որպեսզի ամրացվի մարդու թևին։
Այնուամենայնիվ, ավելի վաղ խոսվում էր ընդհանրապես աշխատասեղանի սարքի մասին: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում տեխնոլոգիան կարող է ինտեգրվել Apple Watch խելացի ժամացույցի մեջ և այն օգտատերերին կտեղեկացնի, եթե նրանց մոտ դիաբետի առաջացման նշաններ լինեն։ Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում ԱՄՆ կարգավորիչների հետ, որպեսզի այս տեխնոլոգիան հաստատվի։
Նշենք, որ ոչ միայն Apple-ին, այլև տեխնոլոգիական այլ հսկաներին դեռ չի հաջողվել ստեղծել կոմպակտ, ոչ ինվազիվ կրելի համակարգ, որը թույլ կտա չափել շաքարի մակարդակն արյան մեջ։ Apple-ն արդեն հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել նախագծի վրա, ուստի մեծ է հավանականությունը, որ ընկերությունը դեռ հաջողության կհասնի: Հայտնի է, որ ընկերությունը TSMC-ի հետ համագործակցում է պահանջվող տեսակի մոդուլի արտադրության ոլորտում, իսկ մինչ այդ շփվել է այլ ընկերությունների հետ։ Հայտնի է, որ ոչ ինվազիվ չափման տեխնոլոգիայի վրա աշխատանքը սկսվել է դեռևս 2010 թ․։