Որ մասնագիտության տեր տղամարդիկ ավելի շատ սպերմատոզոիդներ ունեն․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Որ մասնագիտության տեր տղամարդիկ ավելի շատ սպերմատոզոիդներ ունեն․ հետազոտություն

Տղամարդիկ, որոնք աշխատավայրում պարբերաբար ծանր առարկաներ են բարձրացնում, ավելի մեծ քանակի սպերմատոզոիդներ ունեն, պարզել են Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Human Reproduction ամսագրում:

Անպտղության դեպքերի մոտ 40%-ը կապված է սպերմատոզոիդների որակի եւ քանակի հետ։ Նախկինում EARTH հետազոտական խմբի վերլուծությունը ցույց էր տվել, որ անպտղության բուժման համար դիմած տղամարդկանց շրջանում սերմնահեղուկի քանակն ու որակը 2000-2017 թվականներին նվազել են 42%-ով:

Նոր հետազոտությանը մասնակցել է 377 տղամարդ, որոնք դիմել են կլինիկաներ՝ անպտղության բուժման համար: Գիտնականները պարզել են, որ այն տղամարդկանց մոտ, որոնք աշխատավայրում հաճախ են ծանր առարկաներ բարձրացնում կամ տեղափոխում, սպերմատոզոիդների ընդհանուր քանակը 44%-ով ավելի շատ է՝ համեմատած նրանց հետ, ովքեր ավելի քիչ ակտիվ աշխատանք են կատարում:

Տղամարդիկ, որոնք հաղորդել են աշխատավայրում մեծ ֆիզիկական ակտիվության մասին, ունեցել են արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի բարձր մակարդակ եւ, որքան էլ պարադոքսալ թվա, կանանց էստրոգեն հորմոնի բարձր մակարդակ: Գիտնականները բացատրել են, որ դա պայմանավորված է նրանով, որ տեստոստերոնի ավելցուկը վերածվում է էստրոգենի՝ սա անհրաժեշտ է օրգանիզմում երկու հորմոնների նորմալ մակարդակը պահպանելու համար:

news.am