Չինաստանի նահանգներից մեկում ընտանիքը երկու տարի շարունակ գլխի չէր ընկնում, որ արձակուրդի ժամանակ գնած «շունն» իրականում արջ է։ Այս մասին հայտնում է Outdoors հրատարակությունը։
Սու Յունը, ով ծագումով Չինաստանի Յուննան նահանգի Կունմին քաղաքից է, կարծում էր, որ տիբեթյան մաստիֆի ձագ է գնել շներ բուծողից: Սակայն, նա սխալվել էր։
Երբ կինն իր տուն էր բերել «շանը», այն մաստիֆի ձագի չափն էր:
Հստակեցվում է, որ տիբեթյան մաստիֆները կարող են հասնել ավելի քան 150 կիլոգրամ քաշի, ուստի, երբ առաջին տարում «շան ձագը» զարմանալի չափսերի հասավ, դա ընտանիքին չզարմացրեց։ Բայց կյանքի երկրորդ տարում նրանց կենդանին արդեն կշռում էր ավելի քան 113 կիլոգրամ: Սեփականատերերը կարծում էին, որ իրենք բացառիկ մաստիֆ ունեն։ Եվ նրանք շարունակում էին այդպես մտածել, մինչև որ իրենց ընտանի կենդանին կանգնեց հետևի ոտքերի վրա և սկսեց քայլել։
«Ամեն օր մի տուփ միրգ և երկու դույլ լապշա», – պատմում է Սու Յունը իրենց ընտանի կենդանու սննդակարգի մասին: Նա նշել է, որ «որքան շատ էր այն մեծանում, այնքան ավելի էր նմանվում արջի»։
Արդյունքում Յունի ընտանիքի անդամները հասկացան, որ իրենք ոչ թե շուն են մեծացնում, այլ վայրի կենդանու, և անմիջապես զանգահարեցին Յունանի վայրի կենդանիների փրկության կենտրոն։
Ժամանելուց հետո վայրի բնության կենտրոնի աշխատակիցները լուսանկարել են ընտանի կենդանուն և եզրակացրել, որ ընտանիքը ասիական սև արջ է մեծացնում:
Յունանի վայրի կենդանիների փրկության կենտրոնը որդեգրել է արջին։ Փոխադրման ժամանակ կենդանուն քնեցրել են։ Հաշվի առնելով, թե որքան ագրեսիվ կարող են լինել արջերը Ասիայում՝ հրաշք է, որ կենդանու հետ ապրող մարդկանցից ոչ ոք չի տուժել: