Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քվենտին Տարանտինոն ավարտել է իր նոր և, ամենայն հավանականությամբ, վերջին ֆիլմի սցենարի աշխատանքները։ Համապատասխան տեղեկությունը տարածել է The Hollywood Reporter ամսագիրը։
Հաղորդվում է, որ սցենարը վերնագրված է «Կինոքննադատ»: Գործողությունները տեղի են ունենում 1970-ականների վերջին` Լոս Անջելեսում։ Ֆիլմի գլխավոր հերոսը կին է։ Խոսքը, հավանաբար, ամերիկացի լրագրող Փոլին Քեյլի մասին է։
The Hollywood Reporter-ը գրում է, որ նա նկարահանումները նախատեսվում է սկսել այս աշնանը։ Հայտնի է, որ մինչ այդ Քվենտին Տարանտինոն ֆիլմը նկարահանելու պայմանագիր չի կնքել ոչ մի կինոստուդիայի հետ։
Հրատարակությունն ընդգծում է, որ նոր ֆիլմը, ամենայն հավանականությամբ, կլինի Քվենտին Տարանտինոյի կարիերայի վերջին գեղարվեստական ֆիլմը, ով բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է նկարահանել ոչ ավելի, քան տասը ֆիլմ։