Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Վեներայի վրա ակտիվ հրաբխի առկայության վերաբերյալ առաջին ապացույցը. հայտնագործությունը կատարվել է ավելի քան 30 տարի առաջ Մագելանի զոնդի կողմից հավաքված նյութերի ուսումնասիրության ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Մագելանի զոնդը, որը գործարկվել է 1989 թ․, պատմության մեջ առաջինն էր, որն ստացել է Վեներայի մակերեսի 98%-ի պատկերը՝ դրա համար օգտագործելով ռադար: Սարքն այլևս գոյություն չունի, այն մոլորակի վրա է ընկել 1994 թ․, սակայն մինչ այդ դրան հաջողվել է փոխանցել բավական շատ ինֆորմացիա, որը մինչ օրս փաստացի օգտակար է:
VERITAS տիեզերանավի նախագծի վրա աշխատող գիտնականները, որը հաջորդ տասնամյակում պետք է մեկնի Վեներա, ուսումնասիրել են Մագելանի տվյալները՝ փորձելով նոր տեղեկություններ ստանալ մոլորակի հրաբխային ակտիվության մասին:
Հետազոտողները հաջողության հասնելու առանձնապես հույս չեն էլ ունեցել, բայց սարքի կողմից տարբեր անկյուններից արված պատկերները 200 ժամ համեմատելուց հետո նրանք նկատել են, որ անհամապատասխանություններ կան նույն շրջանի երկու պատկերների միջև, որոնք արվել են ութ ամիս տարբերությամբ:
Խոսքը հասարակածին մոտ գտնվող Ատլա կոչվող կոչվող շրջանի պատկերների մասին է։ Այդտեղ են գտնվում Վեներայի երկու ամենամեծ հրաբուխները՝ Օզզա լեռը և Մաատը: 1991 թ․ փետրվար-հոկտեմբեր ժամանակահատվածում արված նկարները ցույց են տվել, որ վերջինս այդ ժամանակ ակտիվ է եղել։
Առաջին լուսանկարում 2,6 ք/կմ տարածքի վրա հոսող լավայով խառնարանի նման բան է երևում: Վերջին լուսանկարում այդ նույն փոսը ձևափոխված է, ունի կրկնակի մեծ չափեր ու լցված է լավայով։ Խնդիրն այն է, որ պատկերներն արվել են տարբեր անկյուններից, և դրանք ուղղակիորեն համեմատել հնարավոր չէ։
Այդուհանդերձ, հիմնվելով առկա տվյալների վրա՝ գիտնականներն իրականացրել են սիմուլյացիաներ․ պատկերներին համապատասխանել են ընդամենը մի քանի մոդելավորում, և դա, ըստ հետազոտողների, խոսում է այն մասին, որ Մագելանի առաքելության ժամանակ այդտեղ հրաբխային ակտիվություն է եղել։
Վեներայի վրա տեղի ունեցող գործընթացների մասին ավելի ճշգրիտ տեղեկություն ստանալ կօգնի VERITAS-ը, որը, օգտագործելով ավելի առաջադեմ ռադարային տեխնոլոգիա, կտրամադրի մոլորակի մակերեսի մանրամասն եռաչափ քարտեզը։ Այն կունենա նաև գործիքներ, որոնք կարող են չափել մոլորակի գրավիտացիոն դաշտը՝ դրա ներքին գործընթացների հետագա վերլուծության համար: