Ավստրալուհին ստամոքսի կրճատման վիրահատություն է տարել և նիհարել 100 կիլոգրամով՝ բորտուղեկցորդուհի դառնալու համար։ Այս մասին նա խոսել է իր սոցցանցերում և դարձել հայտնի։ Սա գրավել է Daily Mail-ի ուշադրությունը։
Նշվում է, որ Նադինը անճանաչելիորեն փոխվել է, քանի որ վիրահատությունից հետո երկար ժամանակ հետևել է խիստ դիետայի։ Աղջիկը ցանցում տեղադրել է իր նկարները՝ անցած ճանապարհից առաջ և հետո։ Այս կադրերի շնորհիվ 28-ամյա ավստրալուհին բազմաթիվ երկրպագուներ է ձեռք բերել։
Աղջկա խոսքով՝ իր առողջությունն է եղել իր երազած աշխատանքի գլխավոր խոչընդոտը, սակայն այժմ դարձել է Qantas-ի անձնակազմի մի մասը։ Թեև ավիաընկերությունը չունի աշխատակիցների քաշի սահմանափակում, բորտուղեկցորդուհիները պետք է ունենան առողջության և ֆիզիկական պատրաստվածության գերազանց մակարդակ: Օրինակ՝ բորտուղեկցորդուհին պետք է ուժ ունենա առանց օգնության 50 մետր լողալու:
Միևնույն ժամանակ, աղջիկն իր բաժանորդներին բացատրել է, որ «սիրում է իր բոլոր տարբերակները» և երախտապարտ է կյանքին անցած փորձի համար։ «Ես շնորհակալ եմ այս ամենի համար։ Զգում եմ, որ ունեմ հեռանկարներ, բայց հասկանում եմ, որ չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ, եթե չլիներ այդ նույն «նախկին» աղջիկը», – եզրափակել է Նադինը: