Մարդկության գոյատեւումը կախված է նրանից, թե ինչպես են մարդիկ տնօրինում ջուրը, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ջրային ռեսուրսների վերաբերյալ եռօրյա գլոբալ համաժողովի ավարտին, որի ընթացքում զարգացող երկրները օգնության՝ խմելու մաքուր ջրով ապահովելու եւ սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու հրատապ կոչ են արել, հաղորդում է Associated Press-ը:
«Ապագայի նկատմամբ մարդկության բոլոր հույսերն այս կամ այն ձեւով կախված են ջրային ռեսուրսների կայուն կառավարման եւ պահպանման նոր ուղի սահմանելուց»,- ասել է Գուտերեշը իր եզրափակիչ խոսքում:
Նա նշել է, որ դա ներառում է ջրի ռացիոնալ օգտագործում գյուղատնտեսության համար, ավելի ագրեսիվ գործողություններ՝ կլիմայի փոփոխության դեմ, եւ որ ջուրը «պետք է լինի համաշխարհային քաղաքական օրակարգի կենտրոնում»:
Ջրային ռեսուրսների համաշխարհային զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է համաժողովի նախօրեին, ասվում է, որ աշխարհի բնակչության 26%-ը՝ 2 մլրդ մարդ, չունի խմելու անվտանգ ջուր, իսկ 46%-ը՝ 3,6 մլրդ մարդ, չունի տարրական սանիտարական պայմաններ։ ՄԱԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ աշխարհի բնակչության գրեթե կեսը զրկված է խմելու մաքուր ջրից: Արդեն 2030 թվականին երկրագնդի բնակչությունը ջրի խիստ պակաս կունենա:
Ողջ համաժողովի ընթացքում՝ ջրի հետ կապված խնդիրներ ունեցող երկրները (հատկապես զարգացող) ՄԱԿ-ի անդամներից միջազգային աջակցություն են խնդրել՝ իրենց բնակչությանը խմելու ջրով եւ սանիտարական համակարգերով ապահովելու համար: