Շատ աղջիկներ եւ կանայք մտածում են՝ ինչպես դուր գալ իրենց երազանքների տղամարդուն: Ես հանդիպեցի այն մեկին, ում մասին ամբողջ կյանքում երազում էի, նա ինձ շատ է դուր գալիս, եւ այնքան խելացի է․ բոլոր աղջիկները խենթանում են նրա հայացքից, բայց նա ինձ առանձնապես ուշադրություն չի դարձնում:
Ես՝ որպես գործող հոգեբան, առաջին հերթին խորհուրդ եմ տալիս խորը շունչ քաշել եւ փորձել հասկանալ ինքներդ ձեզ, ձեր զգացմունքները։ Եթե զգում եք, որ ցանկանում եք ավելի լավ ճանաչել միմյանց, ժամանակն է գործելու: Ահա մի քանի խորհուրդ, որը ես կտայի մի աղջկա կամ կնոջ, ով ցանկանում է գերել իր Ապոլոնին:
Եղեք ավելի համարձակ
Փորձեք ավելին իմանալ այդ մարդու մասին, եթե նրա հետ անմիջական շփում չկա, կապ ստեղծեք. որոշ տղամարդիկ վախենում են նախաձեռնող լինել, ուստի ինքներդ եղեք նախաձեռնողը: Այո, կար ժամանակ, երբ մեր հայ տղամարդիկ չափից դուրս կատեգորիկ էին վերաբերվում այն կնոջը, ով նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցնում, եւ կարծում էին, թե նա հասանելի է, բայց հիմա շատ բան է փոխվել տղամարդկանց մտածելակերպի մեջ։ Մեր տղամարդիկ ճանապարհորդում են, շփվում այլ մշակույթների հետ, սոցիալական ցանցերը, մյուս կողմից, նույնպես ազդում են համոզմունքների վրա: Ավելին, եթե տղամարդն ունի ինտելեկտի բարձր մակարդակ, ընդհանրապես մի անհանգստացեք։ Մեր աղջիկներն արդեն համարձակորեն սեր են խոստովանում ու չեն ամաչում իրենց զգացմունքներից։
Շատ հայ տղամարդիկ խոստովանում են, որ նույնիսկ շոյվում են, երբ կինն ակնարկում է, որ անտարբեր չէ իրենց նկատմամբ։ Այսպիսով, մի վախեցեք ցույց տալ ձեր զգացմունքները: Գլխավորը ինքներդ ձեզ եւ ձեր վախը հաղթահարելն է։
Կապը ստեղծվեց, հաջորդ քայլը ո՞րն է
Երբ շփումն արդեն կա, կարող եք ցույց տալ նրան, որ դեմ չեք մտերմանալ նրա հետ։ Գիտեմ, որ հայ աղջիկներից շատերն ամաչում են առաջին քայլն անելուց, ասում են՝ ի՞նչ կմտածի իմ մասին, եւ էլի նման բաներ։ Բայց հիշեք, որ տղամարդիկ տարբեր են, փաստ չէ, որ նա այդպես կմտածի, բայց եթե այդպես անի, քեզ այդպիսի տղամարդ պե՞տք է։
Պլան B
Եթե նա չի արձագանքում ձեր ակնարկներին, ուրեմն անցեք Պլան B-ին:
Կարող եք, ուղղակիորեն, հրավիրել նրան ինչ-որ տեղ, օրինակ՝ սրճարան, կինոթատրոն, այգի։ Սա հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել նրան, հասկանալ այդ մարդու արժեքները, ինչն է նրան հետաքրքրում, ինչն է գրավում, հոբբին: Հիշեք, որ մարդկանց գրավում են նրանք, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են իրենցով, ում հետ զգացմունքային մտերմություն է զգացվում։ Ուստի ցույց տվեք ձեր հետաքրքրությունը նրա հանդեպ։ Սա օգտակար կլինի նաեւ ձեզ համար, որպեսզի հասկանաք՝ նա, իսկապե՞ս, ձեր երազանքների տղամարդն է, թե՞ դուք, պարզապես, սիրահարվել եք նրա կերպարին։ Սա հաճախ է պատահում, հատկապես երիտասարդության շրջանում, մենք սիրահարվում ենք մարդու կերպարին, որը ինքներս ենք ստեղծել:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք
Ժամադրության ժամանակ մի կորցրեք ձեզ․ դու դու ես, եւ դա հիանալի է: Հաճոյանալու փորձը չպետք է վերածվի կեղծ կերպար ստեղծելու։ Ես հաճախ եմ նկատում, թե ինչպես են երիտասարդ աղջիկները փորձում ավելի հմայիչ, խելացի, ավելի հետաքրքիր, ավելի շփվող թվալ, մինչդեռ իրականում այդպսին չեն: Հիշեք, ԴՈՒՔ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԵՔ՝ ԱՌԱՆՑ ԳԼԱՄՈՒՐԻ, ՁԵՒԵՐԻ, ԴՈՒՔ ԴՈՒՔ ԵՔ, իսկ դուք ամենագեղեցիկն ու յուրօրինակն եք։
Տրամադրվածություն
Որքան շատ ենք փորձում ինչ-որ մեկին հաճոյանալ, այնքան ավելի վատ ենք դա անում, այնպես որ ժամադրության գնացեք՝ մտածելով․ «կստացվի՝ կստացվի», կամ՝ «տեսնենք՝ ինչպես կանցնի»։ Սա կօգնի ձեզ նվազեցնել ձեր սպասելիքները:
Եվ այսպես, կայացավ այդքան սպասված հանդիպումը։ Հանդիպումից հետո, եթե հասկանաք, որ նա ձեզ դուր է գալիս, եւ երկուսդ էլ որոշեք շարունակել շփումը, հիանալի է, եթե ոչ, ապա ընդունեք դա որպես փորձ եւ առաջ շարժվեք: Դուք, ամեն դեպքում, հասել եք ձեր նպատակին, հանդիպում եք կազմակերպել։ Հետո արդեն ինչպես ստացվի՝ ստացվի: