Ապրիլի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ArmComedy-ի նոր Stand Up-ը, որի անվանումն է «Լույս մուլտիտիեզերքի վերջում»: Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և զրուցել Նարեկ Մարգարյանի ու Սերգեյ Սարգսյանի հետ:
Սունդուկյանի դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ հանդիսատեսը նաև օֆֆլայն ձևաչափով «մասնակցություն» ունեցավ հերթական թողարկման նկարահանմանը:
«Մենք հաճախ չենք իրականացնում նման համերգներ, քանի որ մեր հիմնական աշխատանքն այլ է և մենք գիտենք, որ, այնուամենայնիվ ունենք մեր լսարանն ու հանդիսատեսը և այլ զգացողություններ են, երբ շփվում ես կենդանի լսարանի հետ՝ տեսնելով նրանց արձագանքը»,- ասաց Նարեկն, իսկ Սերգեյը նկատեց. «Սցենարները գրելիս երբեմն թերահավատորեն ենք մոտենում՝ արդյո՞ք այդ հումորը ծիծաղելի է, թե՝ ոչ, բայց այսօր մենք ևս հասկացանք, որ ունենք մեր լսարանը, հանդիսատեսը, որը սիրում է քաղաքական որոշ դրվագների վրա ծիծաղել»:
Խոսելով մեծ լսարանի առաջ ելույթ ունենալու մասին՝ հաղորդավարները նկատում են, որ ժամանակի ընթացքում այդ հուզմունքը սկսում է մարել, բայց միևնույն է ամեն հումորից հետո նրանք լարված սպասում են արձագանքի:
«Մենք գիտենք, որ դահլիճում «մերոնքական» մարդիկ են, որոնք կիսում են մեր պատկերացումները, մտքերը, գիտեն՝ ինչ հումորի մասին է խոսքը, իսկ դա արդեն օրգանիկ է դարձնում ողջ ելույթը»,- ասաց Սերգեյը, բայց Նարեկը հավելեց, որ միակ մտավախությունը բեմում տեքստը մոռանալն է. «Եղել են դեպքեր, երբ ելույթից մի կտոր պարզապես թռել է գլխիցս և իմպրովիզացիոյով շարունակել ենք, քանի որ չկա ականջակալ և չկա սուֆլյոր մենք երբեմն ինքնաբուխ շարունակում ենք ելույթը»:
tert.am