Ֆոտոշարքեր՝ բնական, առանց ֆոտոշոփի ու ռոմանտիկ․ հայ հայտնիների Instagram-ը՝ նախորդ շաբաթ
Advertisement 1000 x 90

Ֆոտոշարքեր՝ բնական, առանց ֆոտոշոփի ու ռոմանտիկ․ հայ հայտնիների Instagram-ը՝ նախորդ շաբաթ

Նախորդ շաբաթ հայտնիների ինստագրամյան էջերն աչքի ընկան մեկը մյուսից տարբեր ֆոտոշարքերով։ NEWS.am STYLE-ն այսօր ամփոփում է հենց դրանք։

Լիա Զախարյանը, գրեթե, ամեն շաբաթ ունենում է նոր ֆոտոշարք։ Դերասանուհին, զարմանալիորեն, միշտ գտնում է մի կերպար, որով տարբերվում է նախորդից։ Հերթական լուսանկարներում Լիան նախընտրել է բնականությունը։ Դերասանուհին առանց դիմահարդարման է, վարսերը եւս արձակված են բնական ալիքներով։ Սպիտակ ֆոնին արված շարքում Լիան կրում է կարճ կիատաբատ ու սպորտային բլուզ։ Այսպիսով, դերասանուհին ցուցադրել է իր բնատուր գրավչությունը։

Սոֆի Մխեյանը եւս բնական վիճակներում այլեւս ոչ ոքի չի զարմացնում։ Երգչուհին առօրյայում, հաճախ՝ նաեւ միջոցառումներին, չի շպարվում, կամ նախընտրում է շատ նուրբ ու բնական դիմահարդարումը։ Instagram-ում հրապարակված նոր՝ սեւ ու սպիտակ լուսանկարներն էլ ստացվել են Սոֆիի ու լուսանկարիչ ընկերոջ (Aramio Pazzo Photographe) պատահական հանդիպումից։

«…Արամը հենց ստուդիայի մոտ իր ֆոտոխցիկով (առանց լույսի ու հավելյալ տեխնիկայի) մի քանի կադր ֆիքսեց։ Այսօր ու հենց այս մեկը դուք տեսնում եք հիմա ձեր էկրանին։ Ես՝ ինքս, շատ սիրում եմ լուսանկարել, հավերժացնել անկթարթը, գեղեցիկը՝ թեկուզ հեռախոսով»,-հետեւորդներին պատմել է երգչուհին։

Առանց ավելորդ ֆիլտրերի ու ֆոտոշոփի՝ այսպիսին է Նազենի Հովհաննիսյանը լուսանկարիչ Նարբե Խոդավերդիի հետ իրականացրած նոր ֆոտոշարքում։

«….կնոջ ամենաքաղցր ու ազատ տարիքն էն է, երբ վաղուց արդեն ոչ ոքի ոչինչ չունես ապացուցելու… Երբ մժղուկի պես քո անվան շուրջ աղմկողներին, իսկապես, չես էլ տեսնում, էլ ուր մնաց «նկատես»․ երբ հիանալի ես քեզ զգում՝ ամենաերիտասարդից մինչեւ տարեց ՀԵՏԱՔՐՔԻՐ անհատի հետ շփվելուց, երբ սովորականության մեջ մի աշխարհ արտասովոր բան ես գտնում, ու երբ էնքան հաշտ ես մարմնիդ բոլոր թուլացող մկանների հետ, որովհետեւ գործում են կարեւորագույն 3-ը՝ ԱՌԱՎԵԼ քան երբեւէ՝ ուղեղդ, ՍԻՐՏԴ, ու կամքդ»,-իր լուսանկարները մեկնաբանել է հաղորդավարուհին։

Լուսանկարների նոր շարք է ներկայացրել նաեւ Արփի Գաբրիելյանը։ Դերասանուհին երկու կերպարներ է հրապարակել։ Առաջինում Արփին սեւ հանդերձանքով է՝ փայլուն լուծումներով ու ցանցավոր թեւքերով, երկրորդում՝ առանց թեւքերի բլուզով ու արեւային ակնոցներով։ «Ամենագեղեցիկ շարքը՝ երբեւէ»,-մեկնաբանել են դերասանուհու հետեւորդները։

Շուտով նոր ընտանեկան ֆոտոշարքի սպասեք Սիլվի Բարկովայից։ Դերասանուհին բեքսթեյջային ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իր եւ ամուսնու մասնակցությամբ։