Ջենիֆեր Էնիսթոնը վերհիշել է Շերի տան «վայրի» խնջույքները
Advertisement 1000 x 90

Ջենիֆեր Էնիսթոնը վերհիշել է Շերի տան «վայրի» խնջույքները

Ջենիֆեր Էնիսթոնը կիսվել է իր «վայրի եւ հիասքանչ» հիշողություններով, թե ինչպես է նա դեռահասության տարիքում ժամանակ անցկացրել Շերի տանը։

Վերջերս ամերիկյան հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս «Friends»-ի նախկին աստղը հիշել է, թե ինչպես է ընկերացել Շերի որդու՝ Չազ Բոնոյի հետ, երբ նրանք Նյու Յորքի Fiorello H. LaGuardia ավագ դպրոցում էին սովորում:

Նրա խոսքով՝ մի խումբ ընկերներ միշտ դասերից հետո գնում էին Չազի տուն, «որովհետեւ այնտեղ լավ էր»։ Նա հիշել է «շիֆոնե վարագույրներով» «գեղեցիկ պատուհանները» եւ այն փաստը, որ Rolling Stones-ից Քիթ Ռիչարդսն ապրում էր հարեւանությամբ։ «Դա ուղղակի վայրի էր եւ հիասքանչ, քանի որ մենք իրականում չէինք ճանաչում Շերին»,- ասել է Ջենիֆերը Live With Kelly And Ryan-ին։ «Մենք ավագ դպրոցում սովորող երեխաներ էինք: Պարզապես զվարճալի էր Շերի հետ ժամանակ անցկացնելը»:

Դերասանուհին խոստովանել է, որ իրենք պարբերաբար ուտում էին Շերի պատրաստած  բոլոր խորտիկները, եւ նա նույնիսկ «կարող էր ուսումնասիրել» երգչուհու զգեստապահարանը։ «Այո, նա ուտելիք ուներ, Բալդուչիից, ինչպես ինքն է սիրում ասել: Եվ նա ասես մտածում էր, որ ես կերել եմ այդ ամենը »,- ասել է Ջենիֆերը:

news.am