Ինչով կարող են պայմանավորված լինել գլխացավի տարբեր տեսակները
Advertisement 1000 x 90

Ինչով կարող են պայմանավորված լինել գլխացավի տարբեր տեսակները

Գլխացավն ամենատարածված խնդիրներից մեկն է, սակայն դրա տարբեր տեսակների պատճառների մասին ոչ բոլորը գիտեն։ Նյարդավիրաբույժ Սերգեյ Վասիլևը «АиФ»-ի հետ զրույցում ներկայացրել է գլխացավի տեսակներն ու դրանց պատճառները։

Բժշկի խոսքով՝ գլխացավը կարող է պայմանավորված լինել ցավային ընկալիչների գրգռմամբ, որոնք տեղակայված են ուղեղի թաղանթներում, իսկ դրանց վրա շատ բան կարող է ազդել։ Օրինակ՝ գլխացավի պատճառներից մեկը կարող է լինել ներգանգային կամ զարկերակային ճնշման բարձրացումը կամ մկանային սպազմները։

Ինչպես պարզաբանել է մասնագետը, հարկավոր է ուշադրություն դարձնել գլխացավի տեղակայման հատվածին։ Եթե ցավը տեղակայված է ճակատային հատվածում, ապա այն կարող է պայմանավորված լինել հարքթային խոռոչների բորբոքմամբ։ Նման դեպքերում հարկավոր է բուժզննում անցնել հայմորիտի կամ ֆրոնտիտի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար։

Եթե գլխացավը տեղակայված է ծոծրակի հատվածում, ապա խորհուրդ է տրվում ստուգել ողնաշարի պարանոցային հատվածը, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել այդ հատվածում առկա դեգեներատիվ փոփոխություններով։ Ինչ վերաբերում է գլխի աջ կամ ձախ հատվածի ցավին, ապա դրա պատճառ կարող է լինել եռվորյակ նյարդի նյարդացավը, որը զարգանում է նյարդաանոթային կոնֆլիկտի ֆոնին։

Ինչպես հիշեցրել է բժիշկը, գլխացավը չի կարելի համարել ինքնուրույն հիվանդություն, քանի որ այն միայն ախտանշան է, որը հուշում է օրգանիզմի աշխատանքում խանգարման մասին։

tert.am