Զատկի նախօրեին մարդիկ իրենցից հեռու գտնվող հարազատներին և բարեկամներին շնորհավորում էին «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բերկրալից բովանդակությամբ բացիկներով: Որոշ պատմաբաններ պնդում են, թե նմանատիպ շնորհավորական բացիկներ եղել են դեռևս Հին Եգիպտոսում: Սկզբում բացիկները միագույն էին, և հիմնականում կենտրոնում պատկերված էր մեծ ձու: Բացիկների մի կողմում կար ազատ տեղ՝ նախատեսված բացիկն ուղարկողի կողմից ողջույնի և շնորհավորանքի տեքստ գրելու համար, քանի որ փոստային բաժանմունքները թույլ չէին տալիս բացիկի մյուս կողմում հասցեից և կնիքից բացի այլ նշումներ:
Ժամանակակից բացիկների նախատիպը փորագրված բացիկներն էին, որոնք ստեղծել էր ֆրանսիացի փորագրանկարիչ Դեմեզոնը 17-րդ դարի 80-ական թվականներին, սակայն նորարարությունն այն ժամանակ լայն տարածում չգտավ, քանի որ անհամեստ էր համարվում փոստով ուղարկել ողջույններ և շնորհավորանքներ տեքստի հետ միասին, որը կարող էր կարդալ ցանկացած մարդ: Ռուսաստանում այդպիսի փորագրված բացիկնեըը տեղ գտան, սակայն դրանք չէին վստահվում հանրային փոստին:
Բացիկների «ճամփորդությունը» փոստով սկիզբ առավ մեկ դար անց՝ 1870թ., Ֆրանսիայում, քանի որ պատերազմի ժամանակ բանակում թուղթը չէր բավարարում նամակների համար: Գրքի վաճառական Լեոն Բենարդոյի թեթև ձեռքով փոստային թուղթը փոխարինվեց ստվարաթղթի կտորով, որի մի կողմում գրվում էր հասցեն, մյուս կողմում՝ նամակը: Որոշ զինվորներ ստվարաթղթի վրա նկարում էին: Ոգեշնչվելով դրանից՝ Բենարդոն զարդարեց հասցեի կողմը հայրենասիրական դրվագազարդով և թողարկեց ֆրանսիական առաջին բացիկը: Ըստ այլ տվյալների՝ առաջին նկարազարդ բացիկը թողարկել է գրքի վաճառական Շվարցն Օլդենբուրգից: 1874թ. սահմանվեց միասնական եվրոպական չափս՝ 90×40մմ, որը 1925թ. փոխարինվեց նոր՝ 105×150մմ չափսով:
Առաջին բացիկները սև-սպիտակ էին, ապա սկսեցին թողարկվել գունավոր բացիկներ և լուսանկար-բացիկներ: Բացիկի հակառակ կողմում հասցեից բացի արգելվում էր այլ բան գրել, ինչի արդյունքում մարդիկ ստիպված էին լինում «փչացնել» բացիկի վրայի նկարը՝ գրառումներ անելով դրա վրա: 1904թ. ի հայտ եկան բացիկներ, որոնց նկարի երեսին նամակի համար տեղ էր հատկացված: 1905թ. Ավստրիայի և Գերմանիայի փոստային բաժանմունքները բացիկների հակառակ կողմը բաժանեցին երկու մասի. աջ կողմում նշվում էր հասցեն և կնիք դրվում, ձախ կողմում կարելի էր տեքստ գրել: 1906թ. այդ նորարությունը պաշտոնապես ընդունվեց Հռումում տեղի ունեցած փոստային համաշխարհային կոնգրեսում: Մոտավորապես 1910թ. ի վեր բացիկների վրա միագույն պատկերներ էին՝ մանուկներ, գառնուկներ, ընտանի թռչուններ, ձվեր: Երիտասարդի աղջիկների պատկերները խորհրդաշնում էին բախտ և հույս:
Ամենից շատ տարածված էին կրոնական տոների՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների, ինչպես նաև հրեշտակի օրվա առթիվ շնորհավորական բացիկները: Ռուսաստանում առաջին և բավական հաջող բացիկները հայտնվեցին 1898թ. Զատկի տոնի առթիվ: Դրանք նկարազարդված էին ռուս հայտնի գրող և նկարիչ Ն. Ն. Կարազինի գարնանային մոտիվներով չորս ջրաներկ նկարներով: Բացիկները թողարկում էր Մոսկվայի Ս. Եվգենիա ուղղափառ համայնքին կից բարեգործական հրատարակչությունը: Բացիկները լավ վաճառում էին, մարդիկ հաճույքով գնում էին դրանք և ուղարկում փոստով, դրանցով էին զարդարում տունը տոնի առթիվ և խնամքով պահպանում: 20 տարվա ընթացքում բարեգործական հրատարակչությունը, որը ստեղծվել էր գթության անապահով քույրերին օգնության նպատակով, թողարկեց ամենաբազմազան թեմաներով շուրջ 6,5 հազար բացիկ, որոնց նկարների հեղինակներն այն ժամանակների հայտնի նկարիչներն էին: Հրատարակչությունը բազմիցս անդրադարձավ Զատկի թեմային: Խորհրդանշական է, որ համայնքի թողարկած վերջին բացիկներց մեկը՝ լույս տեսած 1917թ. մարտին, պատկերում էր ուկրաինական նախշազարդ զատկական ձու:
Շուտով բացիկների թողարկմամբ սկսեցին զբաղվել նաև այլ հրատարակչություններ, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի «Ռիշար», Ռիգայի «Լենց և Ռուդոլֆ» ընկերությունները:
Քանի որ Եվրոպայում շատ էին թողարկվում բացիկներ Ռուսաստանի համար, հենց Եվրոպայից էլ եկան բացիկները, որոնց վրա ավանդական զատկական ձվերին, կուլիչներին, եկեղեցիների նկարներին, գարնանային պեյզաժներին և Ս. Հարության տոնը նշող մարդկանց պատկերներին փոխարինում էին Ռուսաստանին ոչ բնորոշ տարրեր՝ ճագարներ, ճուտիկներ և այլն:
1914-1917 թվականներին զատկական բացիկների վրա ի հայտ եկան նոր սյուժեներ՝ պայմանավորված Ռուսաստանի կյանքում արտաքին և ներքին իրադարձություններով՝ առաջին համաշխարհային պատերազմ և փետրվարյան հեղափոխություն: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զատկական բացիկների վրա տեղ գտան ագիտացիոն և ռազմական բնույթի սյուժեներ, իսկ 1917թ. գարնանն անհայտ մի նկարիչ օգտագործեց զատկական կարմիր ձվի կերպարը՝ արտահայտելու մարդկանց ուրախությունը բանվորների, գյուղացիների և զինվորների հանրապետության ծննդյան կապակցությամբ: Սակայն դրանից անմիջապես հետո զատկական բացիկները հայտարարվեցին խորհրդային մարդուն խորթ կրոնի պրոպագանդման միջոց և տասնամյակներ շարունակ վերացվեցին խորհրդային նոր հասարակության կյանքից՝ շարունակվելով պահպանվել ռուս գաղթականների շրջանում: Դրանց մասին պատկերացում է տալիս Ռուսաստանի Ազգային գրադարանի փոքր հավաքածուն, որը 1997թ. գրադարանը նվեր է ստացել ԱՄն Կալիֆոռնիա նահանգի համալսարանի գրադարանից: 1950-1960-ական թվականներին Փարիզի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուները, ինչպես նաև ԱՄՆ Ջորջանվիլլ քաղաքի Ս. Երրորդություն վանքի հրատարակչությունը թողարկեցին փոստային բացիկներ՝ զատկական կերակուրների պատկերներով կամ անդարձ կորցրած, բաղձալի և սիրելի հայրենիքում պայծառ տոնը նշելու տեսարաններով:
Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո եկեղեցական հրատարակչությունները սկսեցին փոքր տպաքանակով թողարկել զատկական բացիկներ, որոնք վաճառվում էին միայն եկեղեցական կրպակներում: Զատկական բացիկներն աստիճանաբար վերածնվեցին 1980-ական թվականների վերջում և 1990-ական թվականների սկզբում, և չնայած արդի տպագրության լայն հնարավորությոններին՝ այսօր շատ հրատարակչություններ նախապատվությունը տալիս են մինչհեղափոխական բացիկներին ՝ բացատրելով դա այն բանով, որ ցավոք, նկարիչների երևակայությունը չի անցնում զատկական սովորական ձվերից,
կուլիչներից և վանքերի նկարներից այն կողմ: