«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հանրային ճանաչում վայելող անձանց անցած ճանապարհին, փորձում ենք պարզել` վերջիններս ինչ խոչընդոտներ են ստիպված եղել հաղթահարել, նույն ուղին երկրորդ անգամ անցնելու դեպքում ինչ կփոխեին իրենց կյանքում: Խոսում ենք նաև այն բացառիկ այցեքարտից, որը պարգևում է հանրային ճանաչումը: Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ Արսեն Սաֆարյանն է:
«Հին օրեր»-ի նոր սկիզբը
Հանրության լայն շրջանակի կողմից ճանաչվեցի, թերևս, «Հին օրեր» երգի թողարկումից հետո: Դա 2001 թվականն էր: Մինչ այդ չորս տարի երգում էի Երգի պետական թատրոնում, բայց ինձ ավելի շատ ճանաչում էին թատրոնի շրջանակում: 2001-ի նշածս ժամանակահատվածի հետ համընկավ նաև հյուրընկալվելս «Ռուբիկոն» ծրագրին, որի ընթացքում «Բլեֆ» հեռուստաշոուն իմ «գլխին սարքեց», և այդ ծրագիրը մեծ արձագանք ստացավ: Բանն այն էր, որ ուղիղ եթերում զանգահարում էին տարբեր մարդիկ և շատ վատ բաներ էին ասում: Այդ պրոցեսում, պարզվեց, մարդկանց դուր էին եկել իմ պատասխանները (ծիծաղում է):
«Ոչ ոք պարտավոր չէ քեզ տեսնել և ասել. «Wow!»
Թեև հանրային ճանաչումը մեծ առավելություն է ընձեռում (ուր մտնում ես` քեզ ճանաչում են, պետական կառույցներում, սպասարկման ոլորտում ընդառաջում են), միևնույն է՝ մարդկանց հետ շփվելիս ներկայանում եմ անուն-ազգանունով: Ի վերջո, մարդ, եթե նույնիսկ քեզ ճանաչում է, կարող է քեզ չսիրել, ոչ ոք պարտավոր չէ քեզ տեսնել և ասել. «Wow!»:
Ճարպիկ չի եղել և ինչ-որ առումով մնացել է ստվերում
Իհարկե, այս ճանապարհին եղել են նաև խոչընդոտներ, դժվարություններ: Օրինակ` որոշ մրցանակաբաշխությունների շրջանակում, որտեղ որոշում են, ասենք, տարվա երգչին, ստվերում եմ մնացել: Իսկ ես բնույթով այնպիսին եմ, որ չեմ հետաքրքրվել, չեմ ասել. «Բա ե՞ս, բա ե՞ս, բա ինձ հետ ի՞նչ է լինելու» և այլն: Ճարպիկ չեմ եղել և նույնիսկ ամաչել եմ նման բան ասել: Իմ մոտեցումն այն է, որ եթե արժանի եմ ինչ-որ բանի, կստանամ: Սա, գուցե, մեր ասպարեզի համար սխալ մոտեցում է:
«Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ»
Իմ կինը գիտի, որ հրեշտակ չեմ, բայց նա միշտ հավատացել է իր հանդեպ իմ սիրուն և իմ` ընտանիքը գնահատելուն: Նա գիտի, թե ընտանիքս ինչ արժեք է ինձ համար: Շրջապատված լինելով վտանգավոր, ինչ-որ առումով նաև՝ գայթակղիչ կանանցով, միշտ իմացել եմ, որ պետք է տուն գնալ, որ ընտանիքն է կարևոր… Ես տարվող մարդ չեմ, իսկ ճանաչումը, ուզես, թե ոչ, դրան բերում է, և իմ կամ իմ նմանի կինը լինելը հեշտ բան չէ: Ուղղակի կինս գիտի, որ ես մեր սերը, տարիների ձեռքբերումն ու ստեղծածը, բնականաբար, ոչնչով չեմ փոխի: Ինքս էլ ամուր եմ զգում, երբ ինքը կողքիս է, իմ թիկունքին: Հետաքրքիր բան ասեմ. եթե հանկարծ կոնֆլիկտ ենք ունեցել, իմ աչքին ոչինչ չի եկել, և ինձ մոտ ամեն ինչ սկսել է վատ գնալ: Նույնիսկ դարձել եմ անճանաչելի: Ընդհանրապես, շատ կարևոր է, թե ով է ճանաչված մարդու կողքին: Վերջինիս համար հաստատ հեշտ չէ, ուղղակի իմ և կնոջս պարագայում ամեն բան հաջող է ստացվել:
Ամբողջությամբ՝ armlur.am