Աստերոիդի մակերևույթին ՌՆԹ-ի բաղադրիչ են հայտնաբերել
Advertisement 1000 x 90

Աստերոիդի մակերևույթին ՌՆԹ-ի բաղադրիչ են հայտնաբերել

Մի քանի տարի առաջ ճապոնական Hayabusa-2 տիեզերական զոնդը Երկիր մոլորակի մոտ գտնվող Ռյուգու (162173) աստերոիդի  մակերևույթից որոշ քանակությամբ նյութ հավաքեց, որը 2020 թվականին փակ պարկուճով առաքվեց Երկիր։ Այդ ժամանակից ի վեր գիտնականները շարունակում են ուշադիր ուսումնասիրել այդ նյութի բաղադրությունը՝ այստեղ գտնելով ինչպես ջուր, այնպես էլ մի շարք օրգանական նյութեր, այդ թվում՝ ամիններ, կարբոքսիլաթթուներ և բոլոր 20 հիմնական ամինաթթուները:

Ռյուգու աստերոիդի մակերևույթային նյութի նոր վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարունակում է նաև կյանքի համար կարևոր ավելի բարդ օրգանական մոլեկուլներ։ Հոկայդոյի համալսարանի պրոֆեսոր Յասուհիրո Օբայի (Yasuhiro Oba) թիմը դրա մեջ հայտնաբերել է ուրացիլ՝ չորս նուկլեոտիդներից մեկը, որոնք կազմում են ՌՆԹ մոլեկուլները, և նիկոտինաթթու, այսինքն՝ վիտամին B3, որը կարևոր դեր է խաղում նյութափոխանակության բազմաթիվ գործընթացներում:

Քանի որ Ռյուգուից ժամանած պարկուճը պարունակում էր ընդամենը 5,4 գրամ նյութ, գիտնականները ստիպված էին բավարարբել հետազոտությունների համար մի քանի միլիգրամ նմուշներով։

Նուկլեոտիդների և օրգանական նյութերի հայտնաբերման համար նմուշները լուծել են տաք ջրում, ապա աղաթթվի մեջ, ինչից հետո կատարվել է հեղուկային քրոմատագրաֆիա և մասս-սպեկտրաչափական վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ երկու տարբեր նմուշներ պարունակում են փոքր քանակությամբ ուրացիլ ՝ համապատասխանաբար 11 ± 6 և 32 ± 9 մաս մեկ միլիարդի դիմաց և նիկոտինաթթու՝ համապատասխանաբար 49 ± 1 և 99 ± 4 մաս մեկ միլիարդի դիմաց: Հեղինակները չեն բացառում այլ նուկլեոտիդների և վիտամինների առկայությունը, որոնք, հնարավոր է, չեն կարողացել նկատել նմուշների փոքր քանակության պատճառով։

Ինչպես նշում է պրոֆեսոր Օբան․«Նուկլեոտիդներ և վիտամիններ նախկինում էլ են հայտնաբերվել որոշ ածխածնային երկնաքարերում, բայց միշտ հարց է եղել, թե արդյոք դա կապված չէր նյութի աղտոտման հետ, երբ այն հարվածում էր Երկրին։ Բայց քանի որ «Hayabusa -2»-ը նմուշներ է հավաքել անմիջապես Ռյուգու աստերոիդից և դրանք մատակարարել փակ պարկուճներում, մենք կարող ենք բացառել աղտոտման հնարավորությունը»։

Այս ամենը ծառայում է որպես լրացուցիչ ապացույց այն վարկածի օգտին, որ «կյանքի աղյուսները» ժամանակին Երկիր են բերվել տիեզերքից՝ աստերոիդների և այլ երկնային մարմինների վրա, որոնք ակտիվորեն ռմբակոծում էին երիտասարդ մոլորակը:

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր