Ցավոք, որոշ հիվանդություններ, որոնք նախկինում բնորոշ էին միայն տարեցներին, այսօր արդեն հանդիպում են նաև երիտասարդների մոտ։ Նման օրինակ է գրանցվել Չինաստանում, որտեղ նյարդաբանները 19-ամյա տղայի մոտ ախտորոշել են Ալցհայմերի հիվանդություն, ընդ որում հիվանդության առաջին ախտանիշները՝ կարճատև հիշողության կորուստը, ուշադրության ապակենտրոնացումը, սկսել էին ի հայտ գալ դեռևս երկու տարի առաջ։
Հիշեցնենք, որ Ալցհայմերի հիվանդությունը, որպես կանոն, ախտորոշվում է 65 տարեկանիից հետո և հանդիսանում է ծերունական դեմենցիայի հիմնական պատճառներից մեկը։ Որոշ դեպքերում այս հիվանդությունը կարող է զարգանալ նաև մինչև 30 տարեկան մարդկանց մոտ․ դրա պատճառը գեների պաթոլոգիական մուտացիան է։ Սակայն բժիշկները չինացի երիտասարդի մոտ նման բան չեն հայտնաբերել, ինչը հաստատում է նաև նրա ընտանիքը, որտեղ ոչ ոք երբևէ չի գանգատվել այս հիվանդությունից։
Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդի մոտ հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածը՝ հիպոկամպը, զգալիորեն փոքրացել է, իսկ ողնուղեղային հեղուկի մարկերները հաստատել են դեմենցիայի զարգացումը։ Ցավոք սրտի, հիվանդությունը զարգանում է, և երիտասարդն արագ կորցնում է հիշողությունը, ինչի պատճառով նա չի կարողացել նույնիսկ միջնակարգ դպրոցն ավարտել։
Այս դեպքը, ըստ հետազոտողների, «փոխում է Ալցհայմերի հիվանդության առաջացման բնորոշ տարիքի մասին պատկերացումները»: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս հիվանդությունը կարող է զարգանալ մի քանի ուղղություններով՝ տարբեր հետևանքներով։
Արդյուքում, երբեմնի ծերունական հիվանդությունը կարող է դառնալ մոտ ապագայի ամենադժվար խնդիրներից մեկը։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը