Գիտնականները ստեղծել են նորարական ներկ՝ ներշնչված թիթեռներից
Advertisement 1000 x 90

Գիտնականները ստեղծել են նորարական ներկ՝ ներշնչված թիթեռներից

Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներին հաջողվել է ստանալ «պլազմոնային ներկի» (plasmonic paint)` անհավանական հատկություններ ունեցող նյութի առաջին նմուշները։ Ներկի ստեղծման գաղափարը ոգեշնչված է թիթեռների թևերի վառ գույներից։ Փաստացի դրանք որևէ պիգմենտ չունեն, այսինքն ոչնչով չեն գունավորվում, սակայն դրանց մակերեսի բարդ նանոկառուցվածքային ձևը թույլ է տալիս լույսն արտացոլել այնպես, որ կողքից դիտորդը տարբեր վառ գույներ տեսնի։

Այս երևույթը վերարտադրելու համար գիտնականները պատրաստեցին ալյումինե փոքրիկ փաթիլներ, որոնց վրա ալյումինի օքսիդից նանոմասնիկներ տեղադրեցին: Ստացված մետաղական մասնիկները գիտնականները խառնել են պոլիմերային խեժի հետ և արդյունքում ստացել նյութ, որը կարելի է քսել տարբեր մակերեսների վրա։ Կախված ալյումինե մասնիկների կոնցենտրացիայից և խեժում դրանց հարաբերական դիրքից՝ հնարավոր է տեսնել տարբեր երկարության լուսային ալիքների արտացոլումն ու կլանումը, այսինքն տեսնել տարբեր գույների երանգներ։

Ալյումինը շատ ավելի քիչ վնասակար է, քան ժամանակակից ներկերի սինթետիկ պիգմենտները: Պլազմոնային ներկի նվազագույն հաստությամբ շերտն ունի արտացոլման հսկայական տարածք, ուստի ցանկալի գունային երանգին հասնելու համար բավական է այն քսել շատ բարակ շերտով: Գիտնականները հաշվարկել են, որ Boeing 747 տիպի ինքնաթիռի ամբողջական ներկման համար կպահանջվի ընդամենը 1,4 կգ պլազմոնային ներկ, մինչդեռ սովորական ներկի համար պահանջվում է մինչև կես տոննա։ Եվ սա խնայողություն է ծածկույթի քաշի մեջ, որն ամենևին էլ ավելորդ չի լինի ավիացիայի ոլորտում։

Եթե ​​ներկված մակերեսը չենթարկվի մեխանիկական ազդեցության, ապա նանոծածկույթն ինքնին չի քայքայվի, այսինքն այն, օրինակ, չի մարի արևի տակ: Պլազմոնային ներկն ամբողջությամբ արտացոլում է ինֆրակարմիր ճառագայթումը, ուստի այն շատ ավելի քիչ է տաքանում։ Սա կարող է լուծում լինել աշխարհի գրեթե բոլոր ենթակառուցվածքների պասիվ սառեցման համար, ինչին այժմ անհավատալի քանակությամբ էներգիա է ծախսվում:

Առայժմ պլազմոնային ներկն ունի միայն մեկ թերություն՝ դրա արտադրությունը զգալիորեն ավելի թանկ է, քան սինթետիկ պիգմենտներից պատրաստված ներկերինը: Բայց այս խնդիրը կարելի է լուծել զանգվածային արտադրություն հիմնելով։

Հրապարակման պատրաստեց ita.am