Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբան Սարգիս Աբրահամյանի հետ մեր երկրորդ զրույցի թեման գլխուղեղի իշեմիկ կաթվածն է: Հիշեցնենք, որ բժշկի հետ ունենք բացառիկ պայմանավորվածություն՝ նկարահանելու 4 հաղորդում ամենատարածված հիվանդություններից մի քանիսի մասին. ցրված սկլերոզ, գլխուղեղի իշեմիկ կաթված, էպիլեպսիա, հիշողության խանգարումներ, դեմենցիա: Առաջին հաղորդման ժամանակ խոսել ենք ցրված սկլերոզի մասին:
«Համաձայն ժամանակակից սահմանումների՝ կաթվածը գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է, որը հանգեցնում է գլխուղեղի հյուսվածքի վնասման, և որի արդյունքում վայրկյանների և րոպեների ընթացքում առաջանում են նյարդաբանական ֆունկցիաների խանգարումներ: Մենք դասակարգում ենք երկու տեսակի կաթված՝ իշեմիկ և հեմոռագիկ: Գլխուղեղի իշեմիկ կաթվածն անոթի խցանման հետևանքով առաջացող վիճակ է, երբ գլխուղեղի հյուսվածքը չի կարողանում ստանալ արյունամատակարարում՝ այդ խցանված անոթի արդյունքում, և որի հետևանքով տվյալ հյուսվածքում առաջանում է թթվածնաքաղց: Իսկ նյարդային բջիջները բավականին զգայուն են թթվածնի կոնցենտրացիայի անգամ չնչին փոփոխության նկատմամբ, և դրա արդյունքում առաջանում է ուղեղի վնասումը: Երբ մենք խոսում ենք կաթվածների մասին, 70-80 տոկոսը բաժին է ընկնում իշեմիկ ախտահարմանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հեմոռագիկ կաթվածի դեպքում առաջանում է անոթի ամբողջականության խախտում, այսինքն՝ անոթը վնասվում կամ պատռվում է, որի հետևանքով տեղի է ունենում արյունազեղում կա՛մ ուղեղի հյուսվածքում, կա՛մ ուղեղի թաղանթներում:
«Վայրկյանների կամ րոպեների ընթացքում առաջանում են սուր զարգացող նյարդաբանական ախտանիշներ, այսինքն՝ հիմնականում առաջանում է մարմնի մի կեսի մկանային ուժի նվազում կամ զգացողության խանգարում, որը կարող է լինել դեմքի շրջանում կամ վերջույթներում: Առավել հաճախ հանդիպող գանգատը խոսքի խանգարումն է, երբ հիվանդը չի կարողանում վայրկյանների ընթացքում խոսել, կամ առաջանում է մի վիճակ, երբ հիվանդը չի կարողանում ընկալել դիմացինի խոսքի բովանդակությունը: Առավել հաճախ հանդիպող մյուս գանգատը տեսողության խանգարումն է, երբ առաջանում է սուր երկտեսություն կամ մի աչքի տեսողության նվազում, ընդհուպ՝ մինչև կուրություն: Հաճախ հանդիպող մյուս գանգատներից են գլխապտույտները, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով և փսխումով: Կան նաև ոչ սպեցիֆիկ գանգատներ, երբ առաջանում է սուր հիշողության խանգարում կամ վարքագծի փոփոխություն, զարկերակային ավազանի խցանման դեպքում կարող է առաջանալ սուր գիտակցության կորուստ, այսինքն՝ կոմատոզ վիճակ, որը լինի հիվանդության միակ դրսևորումը»,- ասաց նա:
Բժիշկը խոսեց նաև ռիսկի գործոնների մասին, որոնք բարձրացնում են կաթվածի առաջացման հավանականությունը. «Մենք տարբերում ենք ռիսկի երկու գործոն՝ մոդիֆիկացվող և չմոդիֆիկացվող: Նման գործոններից է ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը, սեռը և ազգային պատկանելությունը: Փոփոխման ենթակա գործոններից առավել հայտնի է ծխելը, որը բարձրացնում է կաթվածի առաջացման հավանականությունը մի քանի անգամ, նստակյաց ապրելակերպը, որը հանգեցնում է քաշի ավելացմանը, իսկ ուղեկցող հիվանդություններից՝ զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը»:
Հարցին՝ այսինքն՝ կան ազգեր, որոնց մոտ ավելի հաճա՞խ է նկատվում կաթված, նա պատասխանեց. «Այո, օրինակ՝ աֆրոամերիկացիների մոտ ավելի հաճախ է հանդիպում գլխուղեղի կաթվածը, քան, օրինակ՝ եվրոպացիների շրջանում»:
Բժիշկը շեշտեց, որ թիրախային խումբը 55 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք են. «Ի տարբերություն կանանց՝ տղամարդիկ ավելի հաճախ են ունենում գլխուղեղի կաթված: Հնարավոր է նաև՝ երիտասարդների մոտ զարգանա գլխուղեղի կաթված, բայց այդտեղ պետք է քննարկել այլ պատճառները, որոնք երիտասարդների մոտ կարող են հանգեցնել, օրինակ՝ արյան մակարդելիության խանգարման, այսինքն՝ թրոմբոզների, կամ առկա լինի այլ հիվանդություն, որը կարող է առաջացնել գլխուղեղի անոթների բորբոքային գործընթաց, դրանք աուտոիմուն կամ ինֆեկցիոն հիվանդություններն են: Այսինքն՝ երբ երիտասարդների մոտ զարգանում է իշեմիկ ինսուլտ, բացի այն հիմնական ռիսկի գործոններից, որոնց մասին խոսեցինք, կարևոր է քննարկել այլ պատճառագիտությունները, որոնք կարող են հանգեցնել գլխուղեղի կաթվածի»:
Նրա դիտարկմամբ՝ շատ դեպքերում կարող են ինսուլտի նախանշանները բացակայել. «Սակայն, երբ առաջանում է նյարդաբանական ֆունկցիաների խանգարում, օրինակ՝ մկանային ուժի նվազում, զգացողության խանգարում կամ խոսքի խանգարում, որն ունենում է կարճատև տևողություն, տևում է 15-20 րոպե, դա կարելի է դիտարկել՝ որպես նախանշաններ, և այդ պարագայում անհրաժեշտություն կա, որպեսզի դիմեն մասնագետի և հասկանան՝ արդյո՞ք ունեն ինսուլտի զարգացման ռիսկ, թե՞ ոչ»:
Ռազմիկ Մարտիրոսյան