Շաքարային դիաբետով հիվանդ մարդիկ կարող են խուսափել խիստ սննդակարգերից, եթե վերահսկողության տակ են պահում սննդի քանակությունը և ճիշտ են հաշվարկում ինսուլինի չափաբաժինները: Այնուամենայնիվ, կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք շատ արագ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը և կարող են վտանգավոր լինել առողջության համար մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում: Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Օլգա Կաշլյակը։
Մասնագետի խոսքով՝ շաքարային դիաբետով հիվանդների համար առավել վտանգավոր են գազավորված ըմպելիքները, փաթեթավորված հյութերը, էներգետիկ ըմպելիքները, տապակած միսը, թխվածքները, սպիտակ բրինձն ու մակարոնեղենը։
«Հարկավոր է զգույշությամբ կիրառել սննդամթերքի այն տեսակները, որոնց վրա կա «շաքարային դիաբետով հիվանդների համար» պիտակավորումը: Պետք է միշտ ստուգել, թե իրականում որքան շաքար են դրանք պարունակում, այդ թվում՝ ավելացված շաքարը: Օրինակ՝ հարկավոր է զգույշ լինել չրերի դեպքում, որոնք հաճախ դասվում են «սուպերմթերքների» շարքին։ Չնայած մարսողական համակարգի համար դրանց բոլոր առավելություններին՝ դրանցում շաքարի կոնցենտրացիան չափազանց բարձր է», – նախազգուշացրել է Կաշլյակը:
Ինչպես նշել է մասնագետը, շաքարային դիաբետի դեպքում կարելի է կովի կաթը փոխարինել բուսական այլընտրանքային կաթով, որում շատ ավելի քիչ շաքար է պարունակվում։ Օգտակար են նաև մրգերը, որոնցում պարունակվող մանրաթելերը դանդաղեցնում են գլյուկոզայի կլանումը։