Այս շրջանում դերասան Վաչե Երիցյանը ներգրավված է երկու նախագծում՝ «Սյուրպրիզ»-ում և «Hotel Grand»-ում, որտեղ մարմնավորում է հումորային և վառ կերպարների: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է նախագծերի, իր բնավորության և թատրոնի զբաղվածության մասին:
«Ես հեռուստատեսային որոշակի դադարում էի, քանի որ հիմնական գործունեությունս ծավալում էի թատրոնում, իսկ երկուսը համատեղելը բավականին բարդ էր: Մենք ավարտել են «Սյուրպրիզ» սիթքոմի նկարահանումները, որտեղ ես մարմնավորում էի մատուցողի, որն ուներ շատ վառ բնավորության գծեր, տպավորիչ երկխոսություններ և սկզբում, երբ կարդում էի սցենարը մտածում էի, թե ինչքան տարօրինակ կերպար են գրել և ինչպես պետք է անեմ, բայց ընթացքում ես մտա կերպարի մեջ և գործընկերներս շատ էին օգնում»,- ասաց Վաչեն և հավելեց, որ իմպրովիզներ ևս լինում են. «Իհարկե, մենք անում ենք իմպրովիզներ, որոնք էլ ավելի գունավորում են ողջ ընթացքը»:
Դերասանը նաև զբաղվածություն ունի «Hotel Grand»-ում, որտեղ մարմնավորում է բարմենի, որն էլ սիրահարված է հյուրընկալի:
«Այստեղ ես ունեմ ավելի իրական կերպար, որը չունի նման տարօրինակություններ, երիտասարդ է, որը սիրահարված է գործընկերուհուն և այստեղ ևս կերպարը հումորային է, հետաքրքիր, թիմը շատ լավն է և այս կերպար մարմնավորելը ևս հետաքրքիր է»,- նշեց դերասանը:
Խոսելով իր բնավորության մասին դերասանը նշեց, որ իրական կյանքում կենսուրախ է և փորձում է դրական լիցքեր փոխանցել:
«Պետք է նշեմ, որ բնավորությամբ դրական մարդ եմ, թեթև, անմիջական, բայց միևնույն է ունեմ իմ մտահոգությունները, տրամադրության անկումները՝ պայմանավորված երկրի վիճակով: Ուզում եմ նշել՝ կերպարներն ինձ հետ առնչություն չունեն, բայց հետաքրքիր են»,- ասաց Վաչեն և նշեց, որ հաճելի է, երբ կերպարները սիրվում են և ուրախություն են փոխանցում մարդկանց. «Հաճելի է, երբ մարդիկ քեզ փողոցում տեսնում են և ժպտում, իսկ դա դերասանի համար միշտ հաճելի է, երբ կարողանում ես օրական 2 ժամ լավ տրամադրություն փոխանցել հեռուստադիտողին»: