Հետևե՞լ նորաձևությանը, թե՞ ոչ
Advertisement 1000 x 90

Հետևե՞լ նորաձևությանը, թե՞ ոչ

Պատասխանում են երևանցիները

Նորաձև լինելու գաղափարը և ցանկությունը դեռ հնուց է հետաքրքրել մարդկանց: Թագուհի Կլեոպատրան դրա վառ ապացույցն էր: Եվ ո՛չ միայն թագուհիները` անգամ ամենացածր խավի կինը ցանկանում էր գեղեցիկ երևալ: Փաստորեն մեր նախնիներին (հիմնականում կանանց) այնպես էր հուզում գեղեցիկ լինելու հարցը, որ նրանք տարբեր միջոցներով ջանում էին զանազան տեսակի շպար ստանալ. փայտից, տերևներից փորձում էին զարդեր պատրաստել, անգամ ցանկանում էին լավ բուրել` տարբեր ծաղիկներից հյութ քամելով: Եվ այսպես կարելի է երկա՛ր շարունակել:

Բնականաբար, նորաձև ու գեղեցիկ լինելու ցանկությունն օրեցօր ավելի է աճում: Դա հիմնականում պայմանավորված է նորաձևությունը ստեղծող և թելադրող տարբեր մոդելավորողների կողմից ներկայացված տեսականու որակով, ինչպես նաև օրեցօր ավելի բազմազան ու հետաքրքիր դարձող լուծումներով: Իսկ գեղեցիկ տեսք ունենալու համար կարևորագույն դեր է ստանում հենց հագուստը:

Քաղաքում շրջելիս հանդիպում ես հազարավոր մարդկանց և, կարծես, առաջին հերթին նրանց հագուկապին ես նայում: Լավ և ճաշակով հագնված մարդիկ միշտ էլ առանձնանում են ամբոխից: Իհարկե` լավ է գեղեցիկ և նորաձև լինելը, եթե այդ ցանկությունը մոլուցք չի դառնում:

Որքանո՞վ են երևանցիները հետևում նորաձևությանը և տառապո՞ւմ են արդյոք «հագուստամոլությամբ»: Այդ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ անմիջապես իրենցից` երևանցիներից: Ի դեպ, մեր կողմից ուղղված հարցերին պատասխանեցին և՛ երիտասարդները, և՛ մեծահասակները:
1. Արդյոք ձեզ դո՞ւր է գալիս, ինչպես է հագնվում մարդկանց մեծամասնությունը, որոնց դուք տեսնում եք փողոցներում, տրանսպորտում, խանութներում, այլ հասարակական վայրերում:

Հարցվածների 50%-ը դժգոհ են ընդհանուր պատկերից, իսկ մնացած 50%-ը կարծում են, որ երևանցիների հագուստը և ոճը բավական բարձր մակարդակի վրա են:

2. Ձեր կարծիքով, ովքե՞ր են Երևանում այսօր ավելի մոդայիկ հագնվում` տղամարդի՞կ, թե՞ կանայք:

Հարցվածների մոտ 70%-ը նկատել են ավելի շատ մոդայիկ կանանց, քան տղամարդկանց: Մնացածները մոդայիկ տղամարդկանց օգտին են (հիմնականում այդ կարծիքը կանայք են հայտնել):

3. Ինչպե՞ս եք գնահատում ձեր արտաքին տեսքը, հագուստը:

Այս հարցին պատասխանները գրեթե միանման էին` բոլորն էլ գոհ են իրենց արտաքինից: Իհարկե, հնարավորության սահմաններում:

4. Ընդհանուր առմամբ, հետևո՞ւմ եք նորաձևությանը:

Պատասխանների 50%-ը` «այո, հետևում եմ», 25%-ը` «ունեմ իմ սեփական ոճը, սակայն, իհարկե, փորձում եմ լիովին չշեղվել նորաձևությունից», մնացած 25%-ը գերադասում են միայն իրենց ոճը, կարելի է ասել` ընդհանրապես չհետևելով նորաձևությանը:

5. Որտեղի՞ց եք գնում ձեր հագուստը` խանութներից, առևտրի կենտրոններից, միգուցե նախընտրում եք դերձակի՞ն պատվիրել:

Հարցվողների ճնշող մեծամասնությունը հայտնեց, որ հագուստը գնում է խանութներից և առևտրի կենտրոններից, միայն հաշված մարդիկ են օգտվում դերձակի ծառայություններից:

6. Իսկ ամենաշատը որքա՞ն գումար կտայիք ձեզ դուր եկած շապիկի դիմաց:

Ասեմ, որ այս հարցը հարցազրույցի մասնակիցներին շատ էր դուր եկել: Ամենաբարձր գումարը հնչեց մի երիտասարդի պատասխանում, որն ասաց, որ պատրաստ է իր նախընտրած շապիկի համար վճարել 300 ԱՄՆ դոլարից ավելի:

Մյուսները հիմնականում նշում էին 5000-10.000 դրամ գումար, կամ մինչև 20.000 դրամ, բայց ոչ ավելին:

7. Արդյոք գնո՞ւմ եք այնպիսի հագուստ, որն այնքան էլ նորաձև չէ, սակայն ձեզ դուր է գալիս:

Հարցվածների մեծամասնությունը պատասխանեց, որ, իհարկե, գնում է ոչ այնքան մոդայիկ հագուստ, և ընդամենը 5 մարդ ասացին, որ երբեք չեն նախընտրի այնպիսի հագուստ, որի «ժամանակն անցել է»:

8. Համաձա՞յն եք այն գաղափարի հետ, որ «կուլտուրական մարդը պետք է մոդայիկ և արդիական հագած լինի»:

Այս գաղափարի հետ չհամաձայնեց և ոչ մեկը, նշելով, որ կուլտուրական մարդն ուղղակի պետք է մաքուր և հաճելի հագնված լինի (իհարկե, հնարավորության սահմաններում), պերճաշուք տեսք ունենալը բնավ պարտադիր չէ:

9. «Հագուստը տարբերում է մարդկանց և միաժամանակ նմանեցնում է միմյանց»: Համաձա՞յն եք այդ մտքի հետ:

Բոլոր հարցվածները միահամուռ համաձայնեցին այդ մտքի հետ..

10. Պե՞տք է հագնվել ըստ տարիքի, թե՞ տարիքային սահմաններ հագուստի համար գոյություն չունեն:

Այս հարցը հիմնականում հետաքրքրեց տարեց մարդկանց, որոնց ճնշող մեծամասնությունը հագնվում է ըստ տարիքի և իրենց հասակակիցներին էլ ցանկանում է տեսնել նույն տեսքով: Իսկ ավելի երիտասարդների մոտ 10%-ը կարծում է, որ անգամ տարեց մարդը պետք է հագնվի իր ցանկություններից ելնելով, այսինքն` եթե տարեց մարդը ցանկանա, օրինակ, հագնել նեղ տաբատ, դրա մեջ ոչ մի արտառոց բան չի լինի:

11. Փորձո՞ւմ եք չնմանվել ուրիշներին ձեր հագուստի մեջ:

Բոլոր հարցվածները հայտնեցին, որ ոչ մի դեպքում չեն ցանկանում նմանվել ուրիշներին (իսկ որքանո՞վ էին պատասխանողները համոզված իրենց ասածի մեջ` դժվարանում եմ պատասխանել):

12. Որտեղի՞ց եք իմանում, թե ի՞նչն է այսօր մոդայիկ:

Հիմնականում հարցվածները պատասխանեցին, որ իրենց համար նորաձևության փոփոխությունների մասին տեղեկացնող աղբյուր են ԶԼՄ-ները` հեռուստատեսությունը, թերթերը, ամսագրերը, ինտերնետը և այլն..

Ստացված պատասխաններն ուսումնասիրելով՝ կարելի է որոշակի հետևությունների հանգել Հայաստանում ձևավորվող թե՛ նորաձևության, թե՛ ոճի և թե՛ մարդկանց տեսակետների վերաբերյալ: Սակայն բոլոր դեպքերում, որքանով էլ մենք նորաձև և արդիական հագնված լինենք (կամ չլինենք), միևնույն է` նորաձևությունը եղել է, կա և կլինի այնպիսի մի ուժ, որն ինքնըստինքյան գերում է կանանց և տղամարդկանց իր հարուստ ու անսահման աշխարհով:

Աննա Զիլֆուղարյան

«3 Միլիոն»