STYLE Beauty խորագրում NEWS.am STYLE-ը ներկայացնում է դերասանուհի Դիանա Տոռեսին, որն այս շրջանում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» հեռուստասերիալում։ Զրուցել ենք առօրյա խնամքի, պլաստիկ միջամտությունների եւ կամվածքը պահպանելու՝ Դիանայի միջոցների մասին։
Դերասանուհին շատ երկար ժամանակ չի տրամադրում դեմքի խնամքին, անհրաժեշտ պրոցեդուրաները նախընտրում է անել կոսմետոլոգի հետ։
«Բացարձակապես ոչ մի դիմակ չեմ օգտագործում տնային պայմաններում, բայց գնում եմ համապատասխան կենտրոններ, կատարում դեմքի խոնավեցում, պլազմաթերապիա․․․ Հետագայում մտադիր եմ կիրառել նաեւ այլ միջոցներ։ Առավոտյան դիմահարդարումից առաջ, սովորաբար, միայն խոնավեցնող քսուք եմ օգտագործում, երեկոյան դա էլ չեմ անում, բայց պիտի սկսեմ անել։ Պարզապես երբեմն ալարում եմ (ծիծաղում է)»։
Դիանան նշում է, որ առօրյայում, գրեթե միշտ, առանց դիմահարդարման է լինում։ «Տոնային քսուքներ հիմնականում չեմ օգտագործում, միայն աչքերս եմ թեթեւ շպարում, երբեմն՝ դա էլ չեմ անում։ Կարծում եմ՝ լավ է առօրյայում չշպարվելը, քանի որ մաշկս պետք է հանգստանա, բայց միշտ պետք է լինել խնամված»։
Դերասանուհուն հաճախ վերագրում են որոշակի պլաստիկ վիրահատություններ, սակայն Դիանան հերքում է այդ խոսակցությունները,-«Պլաստիկ վիրահատություններ չեմ կատարել, կարծում եմ՝ դեռ այդ տարիքին չեմ հասել, բայց եթե մի օր կարիք լինի, գուցե նաեւ դիմեմ դրան։ Գեղեցիկ տեսքը պահպանելու համար պետք է քեզ հետեւես, եւ ես կարծում եմ՝ այդ ամենը նորմալ է»։
Դերասանուհին նշում է, որ, սովորաբար, դիետաների չի հետեւում, իրեն լավ զգալու համար, պարզապես, հաճախում է բալետի,-«Նախկինում տասը տարի պարել եմ։ Փոքրուց եմ պարում․ մի քանի տարի առաջ դադար էի վերցրել, բայց որոշել եմ վերսկսել պարապմունքներս։ Իրականում սիրում եմ համեղ ուտել, բայց երբ զգում եմ, որ չափն անցել եմ, ու դա արտահայտվել է նաեւ արտաքին տեսքիս վրա, մի քանի օր դադար եմ վերցնում ֆասթ ֆուդից ու, առհասարակ, քիչ եմ ուտում։ Բախտս բերել է, որ օրգանիզմս այնպիսին է, որ այս մեթոդն աշխատում է։ Հեշտ եմ թե նիհարում, թե քաշ հավաքում»։
Կնոջ իրական հմայքը հոգու գեղեցկության մեջ է, կարծում է Դիանան,-«Երբ մարդ բարի է ու կամեցող, արտաքնապես եւս միշտ գեղեցիկ է երեւում։ Որքան էլ թանկարժեք լինի խնամքը եւ հագուստը, եթե հոգին տգեղ լինի, մարդը դեմքով էլ տգեղ կլինի»,-հավելում է նա։