«Օսկարի» դափնեկիր Ալ Պաչինոն միացել է իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի մասին պատմող «Մոդի» կենսագրական ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի ռեժիսորը Ջոնի Դեփն է։
Երկու դերասաններն արդեն միասին աշխատել են՝ «Դոնի Բրասկո» թրիլերում։ «Մոդին» կպատմի Մոդիլիանիի կյանքի երկու օրվա մասին՝ 1916 թվականին նա մտադիր է փախչել Փարիզից, սակայն նրա պլանները կտրուկ փոխում է խորհրդավոր կոլեկցիոները։
Մոդիլիանիին կմարմնավորի Ռիկարդո Սկամարչիոն․ դերերից մեկում հանդես կգա նաեւ ֆրանսիացի Պիեռ Նինեն։ Դեփի համար «Մոդին» երկրորդ ռեժիսորական աշխատանքն է:
Նկարահանումները կսկսվեն աշնանը Բուդապեշտում։ Ֆիլմի մասին առաջին անգամ հայտնի է դարձել անցյալ ամառ։ Հիմքում Դենի ՄակԻնթայրի «Մոդիլիանի» թատերական պիեսն է։
Պաչինոն այժմ զբաղված է «Sniff» թրիլլերի նկարահանումներով։ Այս ձմռանը նա հայտնվեց «The Hunters»-ի վերջին սեզոնում։