«Երազանքներն իրականանում են, իսկ ես չեմ կարող նկարագրել այն էմոցիաները, որն ապրել եմ օդաչուի կերպար կերտելիս». Մկրտիչ Քեբաբչյանը՝ գլխավոր դերի, երազանքի և ընկերության մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երազանքներն իրականանում են, իսկ ես չեմ կարող նկարագրել այն էմոցիաները, որն ապրել եմ օդաչուի կերպար կերտելիս». Մկրտիչ Քեբաբչյանը՝ գլխավոր դերի, երազանքի և ընկերության մասին

Արդեն օրեր շարունակ Ա-Թիվի հեռուստաընկերության եթերում է Ելենա Արշակյանի նոր՝ «Սև արկղ» հեռուստասերիալը, որի գլխավոր դերակատարներից է դերասան Մկրտիչ Քեբաբչյանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ նախկինում եղել է 2-րդ պլանի դերասան և սա իր առաջին մեծ փորձն է և ակնկալիքները, պատասխանատվությունն այլ են:

«Երբ գնացի քասթինգի, վզիս կախված էր ինքնաթիռի տեսքով զարդ: Ռեժիսորն ու պրոդյուսերը կատակեցին՝ ասելով, որ գաղտնի գործակալ ունեմ իրենց թիմում, որը բացահայտել է՝ ինչի մասին է լինելու նախագիծը: Երբ իմացա, որ հեռուստասերիալը օդաչուների մասին է շատ ուրախացա, քանի որ այդ դաշտն ու ոլորտն ինձ համար շատ հետաքրքիր են, ես ուսումնասիրում եմ և մեծ հետաքրքրություն ունեմ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ հույզերն աննկարագրելի էին, երբ տեսավ, թե որտեղ է նկարահանվելու առաջին տեսարանը. «Մինչև դերում ինձ հաստատելը, մենք նաև փորձեցինք՝ ինչպես է սազում օդաչուի հագուստն ու հետագայում բարձրացանք տեսնելու՝ որտեղ է նկարահանվելու տեսարանն ու այդ պահին մտքումս ասացի, որ երազանքներն իսկապես իրականանում են: Հիմա ևս չեմ կարող բառերով նկարագրել՝ ինչ հույզեր ունեի այդ պահին»:

Չնայած վերջին սերիաների ընթացքում դերասանը չի ներկայանում, բայց այս փուլում իրականացվում են ակտիվ նկարահանումներ:
«Պատմությունն այնպես է կառուցված, որ ես տեսել եմ մահացած մարդու և մտածել, որ խելագարվում եմ, իսկ հետագայում ներկայացվում է պատմությունը մեկ տարի անց, իսկ ինձ փորձել են հետ պահել ընկերներիցս: Շատ նամակներ եմ ստացել՝ որտեղ եմ ես, գուցե իմ պատմությունն ավարտվել է, բայց ոչ, շուտով հեռուստադիտողն ինձ կտեսնի և սպասվում են շատ ավելի լարված ու հետաքրքիր սերիաներ»,- ասաց Մկրտիչ Քեբաբչյանը:

Դերասանի խոսքով այս դերն իր համար շատ կարևոր է, քանի որ առաջին մարմնավորած դերը եղել է բացասական և մարմնավորել է թմրամոլի, իսկ այս դերում արժեքներն ու իրավիճակներն այլ են:

«Ինձ համար տարօրինակ էր, երբ մարդիկ մոտենում էին ինձ, դրսում ճանաչում, բայց հիասթափվում էի, երբ մոտենում էին և թմրանյութ ցանկանում՝ չտարբերելով իրական կյանքն ու կերպարը, իսկ այժմ իրավիճակն այլ է, ստանում եմ շատ դրական խոսքեր, մարդիկ հավանել են նախագիծը, պատմությունն, իսկ դա միայն ուրախացնում է»,- ասաց դերասանը և խոսեց նաև սերիալի կարևոր կողմի մասին. «Սերիալում կարևոր առանցք ունի ընկերությունը և դրանով ևս նախագիծը գրավիչ է, քանի որ սերն ու ընկերությունը կարևոր արժեքներ են: Իրական կյանքում ինձ համար ևս ընկերությունն առաջնահերթություն է և կարևոր հանգամանք, ընկերներս կարևոր դերակատարություն ունեն: Այս նախագծում ևս նրանք ինձ շատ են քաջալերել»:

tert.am