1961 թվականի մայիսի 17-ին Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվեց գունավոր լուսանկար, որն արվել էր շոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Մաքսվելի մեթոդով:
1800-ական թվականներից ի վեր՝ լուսանկարչության գյուտի առաջին օրվանից, այն միշտ եղել և մնում է անսահման հնարավորությունների միջոց: Ֆոտոխցիկը մարդկանց թույլ է տալիս ֆիքսել պատմական պահերը և փոխել մարդկության հայացքը շրջապատող աշխարհին: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում լուսանկարչության հետաքրքրաշարժ պատմությանը և ներկայացնում անցած երկու դարերի 20 առաջին լուսանկարները:
Առաջին լուսանկարը
Աշխարհի առաջին լուսանկարն արվել է 1826 թվականին ֆրանսիացի Ջոզեֆ Նիցեֆոր Նիեփսի կողմից Բուրգունդիայի իր առանձնատան վերին հարկի պատուհանից: Լուսանկարն արվել է որպես հելիոգրաֆիա՝ հայտնի գործընթացի օգնությամբ, որի ընթացքում բիտումի շերտը քսում են ապակու կամ մետաղի վրա:
Առաջին գունավոր լուսանկարը
Առաջին գունավոր լուսանկարն արել է մաթեմատիկոս-ֆիզիկոս Ջեյմս Քլերք Մաքսվելը: Այն առաջին անգամ ներկայացվել է Մաքսվելի դասախոսության ժամանակ 1861 թվականին: Կոճակը սեղմել է մեկոսպնյակավոր հայելային տեսախցիկի գյուտարար Թոմաս Սաթոնը, բայց Մաքսվելին է վերագրվում գիտական գործընթացի մշակումը, որը հնարավորություն է տվել ստեղծել նկարը: Լուսանկարում եռագույն բանտիկ է:
Կանավերալ հրվանդանում հրթիռի արձակման առաջին լուսանկարը
NASA-ի լուսանկարիչները 1950-ի հուլիսին արել են Կանավերալ հրվանդանից հրթիռի արձակման առաջին լուսանկարը:
Առաջին թվային լուսանկարը
Առաջին թվային լուսանկարն արվել է 1957 թվականին՝ Kodak-ի ինժեների կողմից առաջին թվային ֆոտոխցիկը հորինելուց գրեթե 20 տարի առաջ:
Մարդու առաջին լուսանկարը
Մարդու առաջին լուսանկարն արել է Լուի Դագերը: Լուսանկարում երևում է Փարիզի Դյու Թամփլ բուլվարը: Լուսակայումը տևել է մոտ յոթ րոպե: Երկարատև լուսակայման պատճառով բոլոր մարդիկ, ովքեր այդ ժամանակ բուլվարում էին, բառացիորեն «անհետացել են» լուսանկարի վրա: Այնուամենայնիվ, ձախ ստորին անկյունում կարելի է տեսնել տղամարդու, ում կոշիկները մաքրում են:
Առաջին «սելֆին»
Սելֆիի ի հայտ գալուց շատ տարիներ առաջ Ռոբերտ Կոռնելիուսը տեղադրել է ֆոտոխցիկ և լուսանկարել աշխարհում առաջին ինքնանկարը Ֆիլադելֆիայի Սենթր Սիթի քաղաքում գտնվող Չեսթնաթ փողոցում գտնվող իր գործարանում: Կոռնելիուսը մի րոպեից ավելի նստել է ոսպնյակի առաջ, ապա հեռացել իր տեղից և ծածկել ոսպնյակը: Այս խորհրդանշական լուսանկարն արվել է 186 տարի առաջ՝ 1839 թվականին:
Առաջին կեղծ լուսանկարը
Առաջին կեղծ լուսանկարն արվել է 1840 թվականին Իպոլիտ Բայարդի կողմից: Թե՛ Բայարդը, թե՛ Լուի Դագերը հավակնում էին «լուսանկարչության հայր» կոչմանը: Ենթադրաբար, Բայարդը զարգացրել է լուսանկարչության իր սեփական գործընթացը մինչև Դագերը կներկայացներ իր դագերոտիպը: Այնուամենայնիվ, գյուտի հեղինակի հայտարարությունը հետաձգվեց, և Դագերը օգտվեց առիթից առաջինը լինելու համար: Ի պատասխան վրեժխնդրության՝ Բայարդը ներկայացրեց խեղդված տղամարդու այս լուսանկարը՝ պնդելով, որ ինքնասպան է եղել Դագերի խաբեության պատճառով:
Առաջին լուսանկարը՝ արված օդից
Առաջին օդային լուսանկարն արվել է ոչ թե ինքնաթիռից, այլ օդապարիկից, 1860 թվականին: Լուսանկարը ցույց է տալիս Բոստոնը 690 մետր բարձրությունից: Լուսանկարիչ Ջեյմս Ուոլես Բլեքը լուսանկարն անվանել է «Բոստոն, ինչպես այն տեսնում են արծիվներն ու վայրի սագերը»:
Արևի առաջին լուսանկարը
Արեգակի առաջին լուսանկարն արվել է ֆրանսիացի ֆիզիկոսներ Լուի Ֆիզոյի և Լեոն Ֆուկոյի կողմից 1845 թվականի ապրիլի 2-ին: Նկարն արվել է դագերոտիպի գործընթացի միջոցով:
Առաջին տիեզերական լուսանկարը
Առաջին տիեզերական լուսանկարն արվել է 1946 թվականի հոկտեմբերի 24-ին արձակված V-2 # 13 հրթիռի միջոցով: Սև ու սպիտակ լուսանկարում պատկերված է Երկիր մոլորակը 104 կմ բարձրությունից: Նկարն արվել է 35 մմ կինոխցիկով:
Լրագրողական առաջին լուսանկարը
Չնայած ֆոտոլրագրողի անունը կորել է, նրա աշխատանքը հավերժ կմնա լուսանկարչության պատմության մեջ: Այս լուսանկարն արվել է 1847 թվականին՝ դագերոտիպ գործընթացի միջոցով, և համարվում է թերթի համար արված առաջին լուսանկարը: Այն պատկերում է Ֆրանսիայում տղամարդու ձերբակալություն:
Նախագահի առաջին լուսանկարը
Միացյալ Նահանգների 6-րդ նախագահ Ջոն Քուինսի Ադամսը դարձավ առաջին նախագահը, ով լուսանկարվեց: Այս դագերոտիպն արգելվել է 1843 թվականին այն բանից հետո, երբ Ադամսը լքեց նախագահի պաշտոնը 1829 թվականին: ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով լուսանկարվել է, 11-րդ նախագահ Ջեյմս Պոլկն է, 1849 թվականին:
Կայծակի առաջին լուսանկարը
Կայծակն առաջին անգամ լուսանկարվել է 1882 թվականին: Լուսանկարիչ Ուիլյամ Ջենինգսը օգտագործել է այս լուսանկարը՝ ապացուցելու համար, որ կայծակը շատ ավելի բարդ է երևույթ է, քան նախկինում կարծում էին:
Ինքնաթիռի կործանման առաջին լուսանկարը
1908-ին արված այս լուսանկարը ցույց է տալիս օդաչու Թոմաս Սելֆրիջի մահը: Նրա ինքնաթիռը օդային փորձարարական ասոցիացիայի մոդել էր, որը ԱՄՆ բանակի մաս էր կազմում:
Լուսնի առաջին լուսանկարը
Դագերոտիպ-լուսանկարն արվել է Ջոն Վ. Դրեյփերի կողմից 1840 թվականի մարտի 26-ին, Նյու Յորքի համալսարանի իր աստղադիտարանի տանիքից: Այդ ժամանակից ի վեր լուսանկարը խիստ վնասվել է:
Բնապատկերի առաջին գունավոր լուսանկարը
Լուսանկարն արվել է 1877 թվականին: Լուսանկարիչ Լուի Արթյուր Դյուքո դյու Օրոնը գունավոր լուսանկարչության առաջամարտիկն էր և այն գործընթացի հեղինակը, որով ստեղծել է այս լուսանկարը: Նկարում պատկերված է Հարավային Ֆրանսիան:
Լուսնից արված Երկրի առաջին լուսանկարը
Երկիրն իր ողջ շքեղությամբ լուսնից լուսանկարվել է 1966 թվականի օգոստոսի 23-ին:
Պտտահողմի առաջին լուսանկարը
Պտտահողմը լուսանկարել է Կանզասի Անդերսոն շրջանի տեղացի մի ֆերմեր 1884 թվականին: Սիրողական լուսանկարիչ Ա.Ա. Ադամսը լուսանկարել է պտտահողմը 22 կմ հեռավորության վրա:
Առաջին լուսանկարը Մարսից
Մարս մոլորակի առաջին լուսանկարն արվել է «Վիկինգ-1» տիեզերանավի կողմից մոլորակի վրա հայտնվելուց անմիջապես հետո: Պատկերն արվել է 1976 թվականի հուլիսի 20-ին:
Ամերիկայի նախագահի առաջին 3D լուսանկարը
Սմիթսոնյան ինստիտուտի և Ստեղծագործական տեխնոլոգիաների ինստիտուտի համակարգչային փորձագետները միավորվել են` ստեղծելու աշխարհում նախագահի առաջին 3D դիմանկարը: Բարաք Օբամային նկարահանելու համար օգտագործվել է ութ «սպորտային» տեսախցիկ և վեց լայնանկյուն տեսախցիկ: Պատկերը այնուհետև 3D տպագրվել է և ցուցադրվել Սմիթսոնյան ինստիտուտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը