Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր՝ Նարէի հետ այցելել է Եռաբլուր։ Դերասանուհին հետեւորդների հետ կիսվել է լուսանկարներով ու պատմել, որ Եռաբլուրում այսօր «ապրում է» ոչ միայն իր հարազատ եղբայրը, այլեւ՝ ընկերներից ու ծանոթներից շատերը։
«Նարէն առաջին անգամ էր Եռաբլուրում… Ես ուզում եմ, որ աղջիկս իմանա մեր պատմությունը, ճանաչի մեր հերոսներին… ճանաչի իր հարազատ Քեռիին՝ Սարգիս Խոջյանին… Ես ծնողներիս հետ Եռաբլուր գնացել եմ ծնված օրից… Եղբայրս զոհվել է 1994թ.-ին»,- գրել է Հասմիկը։
Նա հիշել է՝ ինչպես են ինքն ու ընտանիքի անդամները ժամանակին Եռաբլուր գնացել պետության կողմից տրամադրված ավտոբուսով, մեքենայով, տրանսպորտով, տաքսիով, իսկ առավել հաճախ՝ ոտքով․
«Ոտքով բարձրանալ-իջնելը շատ դաժան էր… բայց ամեն շաբաթ-կիրակի (չհաշված բոլոր տոն օրերը) պարտադիր գնում էինք, ու ես երազում էի, որ երբ մեծանամ, մեքենա ունենամ ու եթե ճանապարհին ոտքով գնացող տեսնեմ, անպայման կտանեմ ինձ հետ ( դե, տեսնում էի էդ տանջանքը, չէի ուզում մյուսներն էլ տանջվեին)… ու եթե անկեղծ՝ պահում եմ խոստումս, կատարել եմ երազանքս…. չնայած՝ հիմա կյանքը հեշտացել է, ու արդեն հասանելի են եւ՛ տրանսպորտը, եւ՛ տաքսիները, եւ՛ մեքենաները…»։
Դերասանուհին հավելել է՝ մեծ ցավ է ապրում, որ պանթեոնը մեծացել է, շատացել են վազվզող երեխաները, որոնցից շատերը միայն ենթագիտակցորեն են «հասկանում» իրականությունը։
«Ծանր օրեր ենք ապրում… Հիմա Եռաբլուրում բացի եղբորիցս նաեւ ընկերներս ու ծանոթներս են «ապրում»… Մամաս միշտ ասում էր, որ չի ուզում էդ ցավը ուրիշ որեւէ մեկը տեսնի, ու թող իր տղան վերջին զոհվածը լինի… բայց չեղավ․․․ Իսկապես ուզում եմ, որ յուրաքաչյուր հայ բալիկ ծնված օրից իմանա մեր ազգի պատմությունն ու ճանաչի մեր հերոսներին»,- գրառման մեջ նշել է դերասանուհին։