Դերասանուհի Ռոզա Դավթյանը միանգամից հայտնիություն ձեռք բերեց «Կույր աշխարհ» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։ Հեռուստադիտողին գրավեց ոչ միայն երիտասարդ աղջկա համոզիչ խաղը, այլեւ նուրբ ու զուսպ կերպարը։
Ռոզայի ոճը շատ չի տարբերվում սերիալում նրա հերոսուհու ոճից։ Առօրյայում էլ դերասանուհին նախընտրում է պարզ, բայց նորաձեւ կերպարներ։ Նրա զգեստապահարանում, կարծես, առավել գերակշռում են ջինսե հագուստը, տարբեր ձեւվածքներով տոպերը, սպորտային կոշիկներն ու գլխարկները։ Ռոզան նախապատվությունը տալիս է մեղմ երանգներին։ Դատելով ինստագրամյան լուսանկարներից՝ դերասանուհին հաճախ է ընտրում ամբողջական սպիտակ լուքը, կամ էլ՝ տարբեր համադրություններ այդ գույնի հետ։
Ինչպես ֆիլմում՝ այնպես էլ կյանքում, Ռոզան նուրբ է դիմահարդարվում։ Հիմնականում շեշտադրում է թարթիչներն ու թեթեւ փայլ հաղորդում շուրթերին։ Ինչ վերաբերում է վարսահարդարմանը՝ դերասանուհին հաճախ նախապատվությունը տալիս է թեթեւ ու բնական ալիքներին։