Կան մի քանի անուղղակի նշաններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ WhatsApp մեսենջերում ձեր օգտահաշիվը վտանգված է: Այս մասին հայտնում է Prime գործակալությունը՝ հղում անելով Security Code ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետ Մարիա Ֆեսենկոյին։
Ըստ նրա՝ անուղղակի նշան կարող է լինել այն, որ հավելվածը սկսում է երբեմն սառել, կամ կամայական վերագործարկվել, զանգերի ընթացքում ազդանշանը կարող է ստացվել ընդհատումներով և կողմնակի ձայներ լսվեն, ավելանա ինտերնետ տրաֆիկի սպառումը, ինչպես նաև սմարթֆոնի մարտկոցն սկսի գերտաքանալ, իսկ լիցքը սովորականից շուտ վերջանա։
Փորձագետը հավելել է, որ վնասակար ծրագրերի հիմնական աղբյուրները, որոնք հետագայում հանգեցնում են WhatsApp-ը կոտրելուն, սմարթֆոններ են ներթափանցում ֆիշինգային էջերի միջոցով։
«Պոտենցիալ գաղտնալսումը դադարեցնելու լավագույն միջոցը հավելվածը ջնջելն է և ընդհանուր առմամբ զգայուն տվյալների արտահոսքի ռիսկը նվազագույնի հասցնելը»,- ասել է նա:
Ֆեսենկոյի խոսքով, մեսենջերի օգտատերերին լրտեսել կարող են ինչպես WhatsApp-ի աշխատակիցներն ու ղեկավարությունը, այնպես էլ հաքերները։ Առաջինի դեպքում, ըստ փորձագետի, գրեթե անհնար է դա կանխել։ Դժվար կլինի նաև չեզոքացնել երրորդ կողմի ազդեցությունը հավելվածի աշխատանքի վրա, եթե անձը դարձել է հատուկ ծառայությունների կամ «սուպերհաքերների» թիրախ։