Բակունցի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում նրա նամակը բանտից…
«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո…
Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամին չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:
Բակունցի կինը՝ Վարվառա Չիվիջյանը պատմել է հետևյալը.
«Կալանքի ժամանակ Բակունցի հետ ունեցել եմ երեք տեսակցություն: … Առաջին տեսակցության ժամանակ նա քիչ էր փոխվել: Նրա տրամադրությունը համեմատաբար առույգ էր, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում էր ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր: Հոկտեմբերին ես նրան տվեցի հերթական սննդամթերքը և ստացա նրա կեղտոտ սպիտակեղենը: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի:
«Իմացի՛ր, – այն ամենը, ինչ ասում եմ քեզ, պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ ու մեծացնեմ երեխային: «Որդիս, – անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, – այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցվում իր հեղինակային իրավունքը:
Հաջորդ օրը ես մտա ՆԳԺԿ, տարա նրա համար ընթերցելու գրքեր, և ես ստացա այն գրքերը, որոնք նա արդեն կարդացել էր: … Տուն վերադառնալով ես մեքենայաբար թերթատեցի գրքերը, որ նա վերադարձրել էր: Այդ գրքերի մեջ էր Գի դը Մոպասանի պատմվածքների ժողովածուն: Գրքի ցանկում «Պարան» պատմվածքի տակ ես նկատեցի մատիտով դրված փոքր կետեր: … Բացեցի պատմվածքը, որի լուսանցքներն ամբողջովին սեղված-ընդգծված էին եղունգով: Պատմվածքի բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը: Նոյեմբեր ամսին ինձ թույլատրեցին վերջին տեսակցությունը: Նա իրեն պահում էր հանդարտ: … Նա ասաց, որ հարցաքննությունն ավարտված է, սպասում է դատին: Հավանական է, պետք է մեկնել, բայց դեռ կտեսնենք, – ասաց նա: Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել: Դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ տեսակցությանը, Բակունցն ասաց. «Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան: – Ո՛չ, հայրի՛կ. – Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես»:
Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ գրական ակումբ, Հովիկ Չարխչյան