Բազմակի օգտագործման չինական առաջին օդաչուավոր տիեզերանավը տիեզերք կուղարկվի 2027-ին: Այն կդառնա ամերիկյան SpaceX Dragon և Boeing CST-100 Starliner բազմակի օգտագործման տիեզերանավերի գլխավոր մրցակիցը։ Բացի դրանից, Չինաստանն ու Ռուսաստանն այն կօգտագործեն նաև Լուսնի հետազոտման ծրագրերում։
Ինչպես տեղեկացնում է չինական օդաչուավոր ծրագրի ներկայացուցիչը, տիեզերանավի լիամասշտաբ նախատիպը տիեզերք է թռչել դեռ 2020-ին։ Իր ձևով այն նման է «բութ փամփուշտի», սակայն ժամանակակից մեկանգամյա օգտագործման չինական «Շենչժոու» տիեզերանավից տարբերվում է պաշտպանիչ հակաջերմային ծածկույթի նյութերով և դիզայնով։ Նոր տիեզերանավի ջերմային ծածկույթը կարող է դիմակայել մինչև 1650°C, սակայն այն 30%-ով ավելի թեթև է, քան նախորդը։
Տիեզերանավի բաղադրիչների մեծ մասը կվերաօգտագործվի մինչև 10 անգամ, ինչը կնվազեցնի արձակման արժեքը։ Ինչպես SpaceX Dragon-ը և Boeing CST-100 Starliner-ը, չինական տարբերակում կարող է տեղավորվել յոթ տիեզերագնաց: Այն կկարողանա նրանց հասցնել Լուսին, մինչդեռ ամերիկյան Orion տիեզերանավը, որը նախատեսված է նույն առաջադրանքը կատարելու համար, կարող է տեղափոխել ոչ ավելի, քան վեց տիեզերագնաց։
Հետաքրքիր է, որ չինական տիեզերանավի դիզայնն ավելի պարզ է նախորդ մոդելների համեմատ։ Այն բաղկացած է երկու հատվածից՝ երեքի փոխարեն, և միևնույն ժամանակ կրկնակի երկար է SpaceX Dragon-ից, իսկ դրա զանգվածը կրկնակի գերազանցում է Orion-ի զանգվածին՝ 21,6 տոննա՝ 9,5 տոննայի դիմաց։ Չինական կառավարվող պարկուճի երկարությունը 8,8 մետր է։
Նոր տիեզերանավն առանցքային դեր կխաղա Չինաստանի ապագա տիեզերական ծրագրերում, հատկապես Լուսնի վրա բազա ստեղծելու գործում: Սակայն այն վայրէջք չի կատարի Լուսնի մակերեսին, քանի որ այդ նպատակով ստեղծվում է առանձին վայրէջքի մոդուլ, որի անունը նույնպես կընտրվի ազգային մրցույթում։
Բազմակի օգտագործման չինական օդաչուավոր տիեզերանավը դեռ անուն չունի, սակայն շուտով նախատեսվում է դրա անվան համար մրցույթ անցկացնել։