
81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ֆոլք-ռոքի երաժիշտ, երգիչ, երգահան Սիքստո Ռոդրիգեսը։ Այս մասին հայտնել է նրա պաշտոնական կայքը։
Նա լայն ճանաչում է ձեռք բերել 2012 թվականին «Շաքար մարդու որոնումներում» (Searching for Sugar Man) վավերագրական ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմը հետագայում արժանացել է «Օսկար» մրցանակի:
70-ականների սկզբին նա թողարկել է Cold Fact (1970) և Coming From Reality (1971) ալբոմները, որոնք ներառում են բլյուզ, ֆոլք-ռոք ոճերը, որոնք հաջողություն չունեցան ԱՄՆ-ում։ Դրանից հետո պարոն Ռոդրիգեսը թողեց երաժշտի իր կարիերան և սկսեց զբաղվել ֆիզիկական աշխատանքով։
1970-ականների կեսերին Սիքստո Ռոդրիգեսի երաժշտությունը սկսել է արագորեն ժողովրդականություն ձեռք բերել Բոտսվանայում, Ռոդեզիայում (այժմ՝ Զիմբաբվե), Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, և հատկապես Հարավային Աֆրիկայում, որտեղ նրա երկու ալբոմներն էլ պլատինե են դարձել։