Հայկ Պետրոսյանի նոր ներկայացումը՝ Սոնա Ռուբենյանի և Սևակ Ամրոյանի մասնակցությամբ. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկ Պետրոսյանի նոր ներկայացումը՝ Սոնա Ռուբենյանի և Սևակ Ամրոյանի մասնակցությամբ. life.tert.am

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երեկ` փետրվարի 14–ին, կայացավ Հայկ Պետրոսյանի «Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ Սուրբ Սարգիս» ներկայացում–համերգը։ Դահլիճը լեփ–լեցուն էր։ Ներկայացումից 7–8 օր առաջ արդեն սպառվել էր տոմսերը։ Նախքան բեմելը Հայկը զրուցեց Tert.am Life–ի հետ։

«Վալենտինի պատմությունը փորձել եմ ներկայացնել երգիծական ժանրով, որում կլինեն կերպարներ։ Օրինակ` Կլաուդիոս II կայսրը, չգիտեմ ինչու, ինձ մոտ այնպես ստացվեց, որ նա խոսում է Քյավառի բարբառով։ Ներկայացումը հնարավորինս հումորային է` առանց սրբերին վարկաբեկելու։ Մեր գլխավոր նպատակն է այսօր ուրախացնել հանդիսատեսին։ Ինչպես վարչապետն է ասում`«դիլխոր չմնան էլի»»,– ասաց Հայկը։

Անդրադառնալով ներկայացման խորագրին` «Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ Սուրբ Սարգիս», դերասանն ասաց. «Վերնագրի մեջ հատուկ եմ կոնֆլիկտ մտցրել։ Եթե կոնֆլիկտ կա, ստեղծագործական տեսանկյունից ավելի հետաքրքիր է դառնում գրելը։ Վերնագիրն ավելի շատ հումորային է, քան պատմական։ Թող կարծիքս պաթետիկ հայրենասիրական իմաստով չդիտվի, բայց  Վալենտինը պարզապես տոն է։ Սիրող զույգերը միմյանց նվեր են անում ու վերջ։ Իսկ Սուրբ Սարգիսը հոգևոր տոն է։ Զույգերը եկեղեցի են գնում և ոչ միայն։ Վալենտինը դրսի արժեքն է, Սուրբ Սարգիսը` մերը։ Միանշանակ, ես կողմ եմ Սուրբ Սարգսին, բայց դա չի նշանակում, որ Վալենտինը «բոբո» է և նշել պետք չէ»։

Մեկուկես ժամից ավելի տևած ներկայացում–համերգին Հայկի հետ միասին բեմում դուետով, տրիոյով ներկայացան Սոնա Ռուբենյանն ու Սևակ Ամրոյանը։

«Հայկի հետ աշխատելը միշտ շատ հետաքրքիր է։ Վստահ եմ ինչպես նախորդ ներկայացումը` «Եթե ես լինեի պապա»,  սա էլ կսիրվի ու նույն արձագանքը կստանա։ Ճիշտ է, փորձերի ժամանակ չենք լսել հումորային համարները, բայց վստահ եմ՝ ինչպես նախորդ ներկայացմանն եմ լիաթոք ծիծաղել, այնպես էլ այս անգամ կլինի»,– նշեց Սոնան։

Սևակն էլ նշեց, որ Հայկի հետ առաջին հերթին լավ ընկերներ են։ «Մենք միասին շատ ենք աշխատել։ Այս անգամ էլ, Հայկի առաջարկով, հանդիսատեսին կներկայանանք գեղեցիկ կատարումներով։ Վստահ եմ՝ ինչպես նախորդ ներկայացումները, այնպես էլ սա կսիրվի և մեծ արձագանք կգտնի»,-նշեց երգիչը:

Ամբողջությամբ՝ life.tert.am