Պլանավորվում է լիամետրաժ ֆիլմ նկարահանել Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման: Այդ մասին հայտնել է Deadline-ը:
Կինոնկարի պրոդյուսերը կլինի Գրեյս Լոհը, որն ավելի վաղ աշխատել է «Ժամանակի մեքենան ջակուզիում» ֆիլմի վրա, և Սվետլանա Միգունովա-Դալին՝ «Թիվ 17 լեգենդը» ժապավենի պրոդյուսերը:
Կինոնկարի դերասանական կազմը և ռեժիսորի անունը դեռևս չեն հայտնում: Գործադիր պրոդյուսերներից մեկը կդառնա «Վուդստոկ» երաժշտական փառատոնի հիմնադիր Մայքլ Լենգը:
Բուլգակովի վեպն առաջին անգամ հրապարակվել է 1960-ական թվականներին: Այն էկրանավորվել է հինգ անգամ: Առաջին ֆիլմը 1971 թվականին նկարահանել է ռեժիսոր Անջեյ Վայդան: Մեկ տարի անց էկրաններին բարձրացավ Ալեքսանդր Պետրովիչի ժապավենը: 1989 թվականին հայտնվեց Մ. Վոյտիշկոյի չորս սերիայից բաղկացած հեռուստաֆիլմը: 1994 թվականին «Վարպետը և Մարգարիտան» էկրանավորեց Յուրի Կարան, իսկ 2005 թվականին Վլադիմիր Բորտկոն սերիալ նկարահանեց վեպի մոտիվներով: