Ադրբեջանում գեներալների «արտադրության» գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում գեներալների «արտադրության» գաղտնիքը

Ադրբեջանում պարզել են ազգային բանակում գեներալների «արտադրության» գաղտնիքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Vetenugrunda.az կայքը հայտնում է, որ իր ձեռքում եղած տեղեկություններով` ներկայում Ադրբեջանում նման կոչում ունեցողների թիվը մոտ 200 է, և ամեն տարի նրանց թիվը 10-15-ով աճում է:

Կայքը համեմատության համար նշում է, որ Չինաստանի 2 մլն 285 հազարանոց բանակում գեներալների թիվը ընդամենը 191 է, Գերմանիայի բանակում` 202, Թուրքիայի բանակում, որի անձնակազմը գերազանցում է 700 հազարը` 364:

Անդրադառնալով ադրբեջանական բանակում գեներալների մեծ թվին՝ կայքը գրում է, որ կողքից կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ եթե պատերազմ սկսվի, ապա այդչափ գեներալ ունեցող Ադրբեջանի զինված ուժերը կարճ ժամանակում հաղթանակ տանելուց բացի այլ տարբերակ չունեն, և ափսոսանքով ընդգծում, որ իրականությունն այլ է, քանի որ քանակը դեռևս որակ չի նշանակում:

«Հարց է ծագում. յուրաքանչյուր գեներալի կոչում կրող սպան արդյոք իրականում գեներալ է: Իրականության հետ ծանոթ յուրաքանչյուրը կասի, որ բոլորովին էլ ոչ: Ադրբեջանում իրական գեներալների թիվը չի կարող անգամ 10-15 լինել»,- նշում է կայքը:

Որպես օրինակ կայքն անդրադառնում է ադրբեջանական բանակի գեներալ Զաուր Գասըմ օղլու Աբդուլլաևի գեներալի կոչմանը հասնելու ուղուն: Նա ներկայում զբաղեցնում է Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինակոչի գծով պետական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

«Պաշտոնական տվյալներով` 2005 թվականին Զ.Աբդուլլաևը պետական սահմանային ծառայության զորքերում ավագ լեյտենանտ էր: Յոթ տարի հետո նա գնդապետի կոչում է ստացել և նշանակվել Մոբիլիզացիայի և զինակոչի պետական ծառայության պետի տեղակալ: 2014 թվականին նշանակվել է պետի առաջին տեղակալ: 2015 թվականի փետրվարին էլ նրան գեներալ-մայորի կոչում է շնորհվել: Այսինքն` մոտ 10 տարվա ընթացքում Զաուր Աբդուլլաևը ավագ լեյտենանտի աստիճանից կարողացել բարձրանալ գեներալ-մայորի աստիճան», -հայտնում է կայքը:

Այն պարզաբանում է, որ ներկայում գործող զինվորական կանոնադրության համաձայն` ավագ լեյտենանտից գնդապետի աստիճան բարձրանալու համար Զաուր Աբդուլլաևին նվազագույնը 22 տարի էր պետք: Բայց ինչպես տեսնում ենք, նա ոչ միայն գնդապետի, նույնիսկ գեներալ-մայորի աստիճանի է հասել: Նորմալ դեպքում դրան հասնելու համար Զաուր Աբդուլլաևը պետք է լուրջ հաջողություններ, ռազմական նվաճումներ, ծառայություններ և հերոսություններ կատարած լիներ:

«Հետաքրքիր է, տեսնես մեր հարգելի գեներալը մարտական շրջաններից հեռու սահմանային և մոբիլիզացիայի ծառայություններում ինչպիսի հերոսություններ է կատարել, որ նման ֆանտաստիկ հաջողության է հասել: Թե նրան ևս գեներալի կոչումը տրվել է որպես ծննդյան օրվա նվեր, ինչպես դա արվում է ինչ-որ մեկի փեսան, եղբայրը, եղբոր որդին կամ խնամին լինելու համար», -հարցնում է կայքը:



Նման նյութեր