Եթե Telegram-ը կամ WhatsApp-ը ծառայողական ծանուցումներ են ուղարկում ձեզ, դա կարող է վկայել այն մասին, որ մեսենջերի ձեր օգտահաշիվը կոտրել են: Այս մասին Газета.Ru-ին ասել է «Гарда» ընկերությունների խմբի տեղեկատվական անվտանգության բաժնի ավագ մասնագետ Վիկտոր Իևլևը։
Նրա խոսքով՝ այս դեպքում առաջին հերթին պետք է ստուգել տարբեր սարքերից մեսենջերի ձեր օգտահաշվին մուտք գործելու բոլոր ակտիվ սեանսները։ Դրանք կարող են լինել համակարգիչներ, հարազատների սմարթֆոններ, աշխատանքային սարքեր, հին սարքեր: Պետք է փակել բոլոր ակտիվ սեանսները։
Telegram-ում դա կարող եք անել՝ անցնելով «Կարգավորումներ» և բացելով «Սարքեր» ընտրացանկը, որտեղից էլ պետք է սեղմել «Ավարտել այլ սեանսները» հրահանգը: WhatsApp-ում նույնպես պետք է բացել «Կարգավորումները» և անցնել «Փոխկապակցված սարքեր», ապա դուրս գալ բոլոր սեանսներից՝ սեղմելով «Ելք»:
Նաև նամակագրությունը և այլ անձնական տվյալներ պաշտպանելու համար Իևլևը օգտատերերին խորհուրդ է տալիս չբացել անծանոթներից ստացված հղումները: Նաև պետք է զգոն լինել, երբ հղումներ են ստացվում ծանոթ մարդկանցից: Վերջին դեպքում ավելի լավ է կապվել ուղարկողի հետ կապի այլ ալիքով և պարզաբանել հանգամանքները։
«Շատ դեպքերում խարդախների գործողություններն ուղղված են օգտատերերի տվյալները գողանալուն։ Հարձակվողները հաղորդագրություններ են ուղարկում՝ խնդրելով քվեարկել մրցույթում, մուտք գործել կեղծ կայք, սկանավորել QR կոդը կամ նմանատիպ այլ բան: Նման հաղորդագրությունները ստացվում են ինչպես ծանոթ (եթե դրանք կոտրված են), այնպես էլ անծանոթ հեռախոսահամարներից։ Ամեն դեպքում, պետք է զգոն լինել»,- ասել է փորձագետը։
Եթե ամեն դեպքում բացել եք ուղարկված վնասակար հղումը, ձեր օգտահաշիվը պաշտպանել կօգնի երկգործոն նույնականացումը: Այն կարելի է միացնել ոչ միայն Telegram-ում և WhatsApp-ում, այլև Viber-ում և VK Messenger-ում։