Սմարթֆոնի մարտկոցը լիցքաթափվում է ոչ միայն հավելվածներ օգտագործելիս, այլև այն ժամանակ, երբ դրանք աշխատում են հետին պլանում։ Հետևաբար, մարտկոցի լիցքը խնայելու համար օգտատերերը պետք է հոգ տանեն այնպիսի կարգավորումների մասին, որոնք ծանրաբեռնում են մարտկոցը, երբ սմարթֆոնը չի օգտագործվում: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով «МТС Юрент» ընկերության էներգաբանկի ծառայության տեխնիկական տնօրեն Իլյա Կազակովին։
Այս համատեքստում փորձագետն առանձնացել է այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են աշխարհագրական քարտեզները, սոցիալական ցանցերը և վիդեո նվագարկիչները, որոնք անընդհատ աշխատում են հետին պլանում։ Բացի դրանից՝ Իլյա Կազակովն ընդգծել է, որ էկրանի առավելագույն պայծառության հետևանքով սմարթֆոնը գերտաքանում է՝ վատնելով էներգիան։ Խորհուրդ է տրվում կարգավորել էկրանի պայծառությունը՝ կախված արտաքին պայմաններից․ ըստ այդմ՝ ցանկալի է, որ արևի տակ էկրանն ավելի պայծառ լինի, և պակաս պայծառ՝ մութ ժամանակ։
Բարձր ջերմաստիճանը կարող է նաև հանգեցնել մարտկոցի ավելի արագ լիցքաթափման, զգուշացնում է փորձագետը։ Դա կարող է տեղի ունենալ դրսում շոգի կամ պրոցեսորից շատ ռեսուրսներ խլող ինտենսիվ առաջադրանքների կատարման պատճառով: Ոչ օրիգինալ հոսանքի լիցքավորիչ օգտագործելը կարող է հանգեցնել լարման սխալ կարգավորման և սարքի գերտաքացման:
Իլյա Կազակովը նաև խորհուրդ է տալիս անջատել push ծանուցումները, քանի որ դրանք սպառում են սմարթֆոնի մարտկոցը հետին պլանում։ Նա նաև խորհուրդ է տալիս միացնել մարտկոցի լիցքի տնտեսման կամ էներգախնայողության ռեժիմը, սահմանափակել ֆոնային տվյալները, անջատել դինամիկ պաստառները և շարժվող վիջեթները և միշտ թարմացնել հեռախոսի ծրագրակազմը:
Վերջում, Իլյա Կազակովը խորհուրդ է տալիս վերահսկել մարտկոցի վիճակը՝ սխալ պահին առանց հեռախոսակապի չմնալու համար։ Դրա համար պետք է ընտրել լիցքավորման օպտիմալ մեթոդները՝ թույլ չտալ, որ լիցքի մակարդակն իջնի 20%-ից և հեռախոսը չդնել լիցքավորման գիշերը։ Այս մեթոդները նվազագույնի են հասցնում մարտկոցի ծանրաբեռնվածությունը և երկարացնում դրա կյանքը: