Կամբոջայում ներկայացնելով իր նոր ֆիլմը՝ Անջելինա Ջոլին հայտարարել է, որ այդ երկրիրն իր համար «զարթոնք» է դարձել: Դերասանուհին բացառիկ հարցազրույց է տվել «Նախ նրանք սպանեցին հորս» ֆիլմի՝ ականատեսի, մանկության ժամանակ կարմիր քմերների կազմակերպած ցեղասպանությունը տեսածի պատմության պրեմիերայի նախօրյակին, տեղեկացնում է BBC-ին:
Անջելինայի խոսքով՝ ֆիլմը, որում նա հանդես է եկել որպես ռեժիսոր, կոչված է օգնելու Կամբոջայի բնակիչներին բացահայտորեն պատմելու այդ շրջանում ապրած խորը ցնցումների մասին:
Ցեղասպանության ժամանակ այդ երկրում զոհվեց շուրջ 2 միլիոն մարդ:
Ջոլին, որը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության հատուկ դեսպանորդը, առաջին անգամ Կամբոջայում եղել է տակավին 2001 թվականին «Լարա Քրոֆտ. դամբարաններ կողոպտողը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ավելի ուշ նա Կամբոջայում որդեգրել է իր ավագ որդուն՝ Մեդոքսին:
Netflix ընկերության ստեղծած ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Անգքոր Վաթ տաճարային համալիրում՝ արդի Սիեմրեափ քաղաքից հյուսիս, որտեղ նկարահանվել են «Դամբարաններ կողոպտողի» շատ դրվագներ:
Պրեմիերային Ջոլիի և նրա վեց երեխաների հետ մեկտեղ ներկա էր Կամբոջայի Նորոդոմ Սիամոնի թագավորը, որը 2005 թվականին դերասանուհուն շնորհել է իր երկրի քաղաքացիություն՝ ի նշան երախտագիտության շրջակա միջավայրի պահպանության այն հիմնադրամի աշխատանքի համար, որի հիմնադիր է դարձել Ջոլին:
Այդ օրը Ջոլին առաջին անգամ է հայտնվել հանրության առջև այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին ապահարզան է տվել Բրեդ Փիթին: