«Շանթ» հեռուստաընկերությունը նկարահանում է նոր սիթքոմ՝ Outdance, որը մարտին կլինի «Շանթ Պրեմիումի» եթերում։ Երաժշտական ուղղվածությամբ սիթքոմի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, սցենարիստը՝ Անդրանիկ Իսահակյանը, ով եղել է նաև «Բանակում»–ի սցենարիստը։
Tert.am Life–ի հետ զրույցում Անդրանիկը հայտնեց, որ սիթքոմի հերոսները հիմնականում պարողներ են։ Ըստ սյուժեի՝ հերոսը սիրահարվում է պարուհու, ում սիրտը գրավելու համար որոշում է ինքն էլ պարով զբաղվել, սակայն չի կարողանում ընդունվել պարի դպրոց։
«Սիթքոմը ներկայացնում է պարողների կյանքը, ներքին խոհանոցն ու կոնֆլիկտները, բայց հիմքում միայն պարը չէ։ Կա սիրո պատմություն, ընկերասիրություն, զավեշտալի իրավիճակներ։ Մեզ մոտ մուգ թելով գնում է այն գիծը, որ ցանկության և աշխատասիրության շնորհիվ կարելի է հասնել նպատակին։ Ընտանեկական սիթքոմ է, որը կհետաքրքրի թե՛ երիտասարդներին, թե՛ մեծերին։ Չկա գռեհիկ հումոր»,– ասաց սցենարիստը։
Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մարի Հովհաննիսյանն ու Դավիթ Գրիգորյանը։ Նոր սիթքոմում հիմնականում ընդգրկված են քիչ հայտնի երիտասարդներ։ Ժամանակին նույն սկզբունքով էին ընտրվել նաև «Բանակում»–ի հերոսները։ «Այս նախագիծը գրել եմ դեռևս 2013 թվականին։ Ինձ համար կարևոր էր, որ սիթքոմում նոր դեմքեր լինեն։ Մեզ արդեն հայտնի դերասանները լավն են, սակայն նրանց կողքին պետք է նաև նոր դեմքեր լինեն, որպեսզի թարմություն լինի։ Պարի խմբում ընդգրկված դերասանները պրոֆեսիոնալ պարողներ են։ Դա շատ կարևոր էր, քանի որ իրենք այնպիսի պարեր են պարելու, որոնք դերասանները չէին կարող»,– ասաց նա ու հավելեց, որ կարևոր էր նաև դերասանական խաղը, այդ իսկ պատճառով շատ երկար են զբաղվել քասթինգներով։
«Ուզում էինք գտնել այնպիսի պարողների, ովքեր կարող էին նաև հումոր ներկայացնել։ Վերջապես գտանք, երկարատև փորձերի ընթացքում հասանք այն մակարդակին, որ կարող ենք նկարահանել և մատուցել հանդիսատեսին»,– ասաց նա։
Ֆիլմում խաղում են նաև դերասանուհիներ Սոնա Մաթևոսյանը, Լիա Զախարյանը, Սոնա Մուրադյանը և ռեփեր Նարեկը։ Բացի Նարեկից սիթքոմի բոլոր դերասաններն անցել են հատուկ պատրաստվածություն։ Աղջիկները որոշակիորեն առնչվում են պարին։ Կերպարները մարմնավորելու համար նրանք պարային դասերի են գնացել։ Իսկ ահա Նարեկը մարմնավորում է թիկնապահի։ Նա ֆիլմի այն կերպարն է, որից մյուսները վախենում են։