Մեր ընթերցողներին հայտնել էինք, որ «Առաջնորդները» նախագծի ղեկավար և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանը ընկել է և կոտրել ոտքը։ Մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո օրեր անց Դիանան արդեն նկարահանման հրապարակում է։
Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան պատմեց հույզերի, ինքնազգացողության, «Առաջնորդներում» սցենարային փոփոխությունների մասին և տրամադրեց տեսանյութեր նկարահանման հրապարակից։
Դիանան շեշտեց, որ աշխատավայրում իրեն շրջապատում են իսկական ընկերներ։ Առաջին օրը՝ վիրահատությունից հետո Դիանայի մոտ գիշերել է Ժաննա Բուտուլյանը, հաջորդ օրը՝ Անուշկա Մարգարյանը։
«Երբ մարդը նման փորձության մեջ է ընկնում, սկսում է ավելի ռեալ գնահատել իրեն շրջապատող մարդկանց։ Շատ գոհ եմ թե՛ նկարահանող խմբի անդամներից, թե՛ դերասաններից։ Ես զանգահարեցի մեր կորդինատորին՝ Լուսինե Մուրադյանին, և ասացի, որ ընկել եմ, ինձ Շտապ օգնությամբ տանում են հիվանդանոց, մինչև հասա հիվանդանոց, նա արդեն այնտեղ էր։ Առաջին օրը Ժաննան մնաց ինձ մոտ հիվանդանոցում, հետո՝ Անուշկան։ Իրենք մշտապես իմ կողքին էին, և դա պայմանավորված չէ աշխատանքով։ Նման փորձությունների ժամանակ է, որ հասկանում ես, որ նրանք իրապես քո կողքին են։ Ընդ որում՝ ոչ միայն այն ժամանակ, երբ աշխատում են։ Ֆիլմում Անուշկայի կերպարային գիծն ավարտվել է։ Նրա հերոսուհին մահացել է, սակայն դա չխանգարեց, որ նա գա և հիվանդանոցում գիշերի ինձ հոտ։ Աշխատանքը, սյուժետային զարգացումները կապ չունեն մեր ընկերության հետ»,– ասաց Դիանան։
Սցենարիստը նշեց, որ մեծ ուշադրության է արժանացել առաջին անգամ նկարահանման հրապարակ գնալիս։ «Առաջին նկարահանման օրն ինձ հետ նկարահանման հրապարակում էին Մերի Մակարյանը, Ստեփան Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը։ Նրանք և ստեղծագործական խմբի մյուս անդամները ծայրահեղ ուշադրությամբ էին պարուրում ինձ։ Շատ շնորհակալ եմ նրանց ուշադրության, սրտացավության ու հոգատարության համար»։
«Պարբերաբար ցավազրկողներ եմ օգտագործում։ Բարդ է, ընթացքում հուզվում եմ և չեմ կարողանում թաքցնել դա։ Հուզվում եմ, լացում, հետո ցավը նահանջում է, անցնում եմ աշխատանքի և հասկանում, որ ամեն բան մարդու համար է։ Յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի փորձության։ Նման դեպքերում վերագնահատում ես կյանքը, մարդկանց։ Հասկանում ես, որ յուրաքանչյուր վայրկյան մարդու կյանքը վտանգված է՝ լինի տանը, թե դրսում։ Ես նույնիսկ դրսի սառույցի վրա քայլելիս չեմ ընկել, ավտոտնակում դռների արանքից մի փոքր ջուր էր ծորացել, մերկասառույց էր եղել, ավտոտնակի ներսում եմ ընկել։ Մարդ գուցե մի քանի հարկից ընկնելու դեպքում այսպիսի լուրջ կոտրվածք չստանար»,– ասաց Դիանան ու հավելեց, որ փորձում է լավատես լինել։
Նա նաև նշեց, որ «Առաջնորդներում» բավականին հետաքրքիր գծեր են ավելացել։ «Սյուժետային հետաքրքիր գծեր կան։ Ճիշտ է, սերիալը երկար տևեց, արդեն 1 տարի, 7 ամիս է՝ նկարահանում ենք, սակայն ռեյթինգները ցույց են տալիս, որ այն մեծ դիտողականություն ունի»,– եզրափակեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am