Արման Նշանյան–Սոս Ջանիբեկյան «Կենտ զույգը» 4 տարվա ընդմիջումից հետո երեկ կրկին Դրամատիկական թատրոնի բեմում էր։ Երբ ամուսնալուծությունից հետո ծայրահեղ կոկիկ, հաշվարկով ապրող Արման Նշանյանը՝ Ֆելիքսը, տեղափոխվում է թափթփված ու վայելքների գիրկն ընկած ընկերոջ՝ Սոս Ջանիբեկյանի՝ Օսկարի մոտ, իսկական խառնաշփոթ է սկսվում։ Tert.am Life–ը ֆիքսել է ներկայացման հետաքրքիր պահերն ու դերասանների հույզերը։
Կատակերգական սյուժեով ներկայացումն ունի իր դրամատիկ ընթացքը: Միևնույն ցավով, սակայն ծայրահեղ տարբեր բնավորությամբ ընկերների համատեղ կյանքը հարթ չի ընթանում, քանի որ յուրաքանչյուրի ֆոնին մյուսի թերություններն ավելի ընդգծված են դառնում։ Մենակությունից փախչող, բայց մյուսների թերությունների հետ չհարմարվող հերոսների միջև առաջանում է բախում։
Ամուսնալուծությունը յուրաքանչյուրի մոտ դեպրեսիա է առաջացրել, սակայն ցավի դրսևորումները, զայրույթն ու հույզերը հերոսների մոտ ծայրահեղ տարբեր են։ Մեկն անընդհատ խոսում է իր խնդիրների մասին, մյուսը դրանք թաքցնում է վայելքների մեջ։ Յուրաքանչյուրը զգում է միայնությունն ու իր սխալները, այդուհանդերձ մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան:
Տղաների մյուս ընկերներին մարմնավորում են դերասաններ Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը և Գագիկ Սուքիասյանը, իսկ նրանց մխիթարող գեղեցկուհիները մոդել–քույրիկներ Լյուսի և Մարիամ Հայրապետյաններն են:
Ներկայացման ռեժիսոր և գլխավոր դերակատար Արման Նշանյանն ասաց, որ 4 տարվա ընդմիջումից հետո բոլորն էլ աճել են։ «Ես միշտ ձգտում եմ դեպի իրականություն։ Կարծում եմ՝ այն ժամանակ ներկայացումը 30 տոկոսով հանդիսատեսի համար էր, 70 տոկոսով՝ մեզ։ Հուսով եմ՝ հիմա դարձրել եմ 98 տոկոսով ինձ համար, 2 տոկոսով՝ հանդիսատեսի։ Ուզում եմ հանդիսատեսը ճիշտ ընկալի ասածս՝ խոսքն այն մասին է, որ պիեսը, դրությունն են ծիծաղելի կամ ցավալի, դերասանը կեղծ բաներ չի անում, որ հանդիսատեսը ցավի կամ ծիծաղի։ Դու խաղում ես գրված դրությունը, եթե ճիշտ խաղաս, ժողովուրդը ճիշտ կզգա այն։ Որպես ռեժիսոր՝ այն ժամանակ զգում էի, որ կան տեղեր, երբ մարդիկ ծիծաղում էին, բայց չպետք է ծիծաղեին։ Այս անգամ այդպես չէր, զգացի այն, ինչ ուզում էի զգալ»,– ասաց Արմանը։
Սոս Ջանիբեկյանը մեկ անգամ չէ. որ խոսել է բեմում իր մտավախությունների մասին։ Ներկայացումից առաջ և հետո նա հուզված էր և ինքնաքննադատ։ Սոսի փոխարեն նրա խաղին գնահատական տվեց գործընկերը՝ Ստեփան Ղամբարյանը, նշելով, որ նա շատ տաղանդավոր դերասան է. «Սոսը լարված էր, սակայն շատ ավելի լավ խաղաց, քան մյուս բոլոր տասը ներկայացումներին։ Սոսն անկրկնելի խարիզմայով դերասան է։ Բեմում այնքան հմայք ունի, որ միայն իր ներկայությունը մեզ արդեն ոգևորում է»։
Սոսն էլ հավելեց, որ բեմում իրեն շատ են օգնում պրոֆեսիոնալ խաղընկերները։ «Եթե ամեն բան լավ ստացվեց, դա իմ խաղընկերների և ռեժիսոր Արման Նշանյանի շնորհքն է։ Նրանք ինձ շատ մեծ էներգիա էին տալիս բեմում։ Շատ ուրախ եմ, որ կրկին բեմ բարձրացա փորձառու դերասանների հետ, աշխատեցի Նշանյանի հետ»,– ասաց Սոսն ու հավելեց, որ այս անգամ դրություններն ավելի խորն ու իրական էր ապրում։ «Այն ժամանակ ինձ տեսնում էի կողքից և հանդիսատեսի հայացքից, հիմա ինչ–որ չափով կարողացել էի ստեղծել այդ չորրորդ պատը և մտել էի շատ իրական հարաբերություններ և դրության մեջ»,– նշեց նա։
Ամբողջը՝ life.tert.am