Երկարատև դադարից հետո 2015 թվականին Արփի Գաբրիելյանը կրկին ներկայացավ որպես երգչուհի՝ զուգերգ կատարելով Միհրան Ծառուկյանի հետ։ Դրան հաջորդած մեկուկես տարվա դադարից հետո Արփին կրկին ներկայանում է որպես երգչուհի, այս անգամ՝ սոլո կատարմամբ։ Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նոր երգի մասին բացառիկ մանրամասները վստահել է Tert.am Life–ին։
«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը կմեկնարկի Արփի Գաբրիելյանի երգի պրեմիերայով։ Երգը կոչվում է «Ծաղրածու», հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը նկատեց, որ, ըստ էության, «Ծաղրածուն» Միհրան Ծառուկյանի «Գնա–գնա»–ի պատասխանն է։
«Քանի որ նախագծի 5–րդ եթերաշրջանն ավարտվեց երգով, մտածեցինք, որ ճիշտ կլինի, եթե 6–րդ եթերաշրջանը սկսվի երգով։ «Ծաղրածուն» կապ ունի Արփիի հերոսուհու՝ Լիկայի կերպարային գծի հետ՝ այն հարաբերությունների մասին ռոմանտիկ, զգացմունքային երգ է»,– ասաց նա։
Մենչը հայտնեց, որ տեսահոլովակի սյուժետային գիծը չեն կապել «Ֆուլ հաուսի» հետ, Միհրան Ծառուկյանին Արփիի տեսահոլովակում չենք տեսնի։ «Տեսահոլովակը կնկարահանենք մարտի սկզբին։ Այժմ նախապատրաստական աշխատանքներն ենք իրականացնում։ Տեսահոլովակում բացի երգից ցույց կտանք նաև Արփիի ապրումներն ու դերասանական խաղը։ Մեկ երգով մարդկանց կբացատրենք, թե ինչ ապրումներ է ունենալու Արփին հաջորդ եթերաշրջանում»,– ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով Արփին շատ լավ դերասանուհի է։
Դիտարկմանը՝ արդյոք այսպիսով «Ֆուլ հաուսն» ավելի դրամատիկ չի դառնում, պրոդյուսերն արձագանքեց. «Եթե «Ֆուլ հաուսում» չլիներ դրամատուրգիա, կհամաձայնեի, բայց այն կա։ Շատ մարդիկ սպասում են ինչ–որ միացումների, բաժանումների։ Դա խոսում է այն մասին, որ բացի հումորից կա նաև դրամա։ Առանց այդ դրամատուրգիայի սերիալային սկզբունքը չէր լինի։ Ամեն դեպքում, մենք տեսահոլովակը չենք դնելու սկզբում, այն կլինի վերջում»։
Անդրադառնալով Արփիի՝ լիարժեք վերադարձին երգարվեստ, Մենչը նշեց, որ Արփին շատ լավ է երգում։ Իրենք արդեն ծրագրում են հաջորդ անելիքները։ «Արփիի և Միհրանի զուգերգը մեծ դիտողականություն ունեցավ, և հասկացանք, որ մարդկանց դա էլ է հետաքրքիր։ Միգուցե այս երգից հետո սկսենք ևս մի քանի երգ անել Արփիի հետ և ակտիվացնել իր դերը երգարվեստում։ Վստահ եմ, որ «Ծաղրածուն» սիրվելու է և շատ լավ արձագանք է ունենալու։ Արդեն իսկ մտածել ենք հաջորդ երգի մասին»,– ասաց նա։
Ամբողջը՝ life.tert.am