Արդեն 2 տարի է՝ «Արմենիա TV»–ն իրականացնում է «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղը։ Նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ընտրված դպրոցականներն ու ուսանողները մտնում են ինտելեկտուալ մրցապայքարի մեջ և հաղթում իրենց գիտելիքների շնորհիվ։
Կրթական նախագիծը երեկ կայացած «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի՝ «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում։
Մրցանակը ստացել է «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի խմբագիր Հարություն Արզումանյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ նախագծի լավագույն գնահատականը հասարակության կողմից սիրված ու ճանաչված լինելն է։ Հարությունը նկատեց, որ մրցանակներն իրենց համար գերնպատակ չեն, սակայն ոգևորիչ են։
«Երբեք չենք ձգել մրցանակների։ Երբ ինձ զանգահարեցին և ասացին, որ «Ամենախելացին» նոմինացված է «Հայկյան» մրցանակաբաշխությանը, շատ զարմացա,– ասաց նա ու հավելեց, որ հաղթանակն արդեն անսպասելի չէր։
«Հաճելի է, որ իրենց գործում փորձառու և հաջողակ մարդիկ գնահատում են նման նախագծերը, մեր ավանդը երեխաների կրթության և դաստիարակության հարցում ու հասկանում կարևորությունը ։ Սա նշանակում է, որ հաղորդաշարը հասարակության լայն շրջանակների կողմից ընդունելի և սիրելի է, ինչը շատ հաճելի է»,– նշեց նախագծի խմբագիրը։
Առաջիկայում կսկսվի «Ամենախելացին»–ի նոր եթերաշրջանի մասնակիցների հավաքագրումը։ Այս անգամ կրկին պայքարի մեջ կմտնեն ուսանողները։ Նախագծի ստեղծագործական թիմը հորդորում է հետևել «Արմենիայի» եթերին և «Ամենախելացին»–ի ֆեյսբուքյան էջին՝ մանրամասներն իմանալու համար։
Ամբողջությամբ՝ life.tert.am