ATV-ի եթերում մարտի կեսից կմեկնարկի 24 մասից բաղկացած «Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանը։ Արդեն մի քանի օր է, ինչ սիթքոմի ստեղծագործական կազմը սկսել է նկարահանումները։ Նախագծի դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ հեռուստադիտողն այս անգամ ականատես կլինի հետաքրքիր և հումորային զարգացումների։
«Նոր եթերաշրջանում առանձնահատուկ շեշտադրում ենք դրել։ Ամեն սերիա կունենա առանձին պատմություն` պահելով սյուժետային գծերը։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ սերիալային հնարքները սիթքոմում այդքան էլ արդարացված չեն։ Ինտրիգները, որոնք քեզ ստիպում են հաջորդ սերիան նայել, թե ինչ է լինելու, նոր եթերաշրջանում չեն լինի։ Սիթքոմի դասագրքային դրամատուրգիայի օրինակով այն մի տեղ սկսվելու է և այլ տեղ`ավարտվելու։ Այսինքն` սերիան ամբողջական է լինելու, բայց փոխկապակցված»,– ասաց Վաչեն։
Պրոդյուսերը խոսելով` սցենարային զարգացումներից, նշեց. «Քարի դարը վերցնելով որպես պլատֆորմ, ավելի շատ անդրադառնալու ենք և ներկայացնելու ենք մեր ներկայիս կյանքը, ինչն արդիական է մեզ մոտ։ Կզարգանա Մոսոյի ու Սիսիի, Հայկոյի ընկերոջ ու Լոլոի սիրային քառանկյունին»։
Վաչեն նշեց, որ դերասանական կազմի փոփոխություններ չկան։ «Նոր եթերաշրջանում արդեն սիրված դերասանական կազմը կլինի նոր մոտեցմամբ ու նոր զարգացումներով։ Շատ չեմ ցանկանում փակագծերը բացել։ Միայն կասեմ, որ հեռուստադիտողին բազում անակնկալներ է սպասվում»,– հավելեց նա։
Վաչեն նշեց, որ մինչև մայիսին պետք է նկարահանումներն ավարտեն, քանի որ պետք է պատրաստվեն Միացյալ Նահանգներում կայանալիք «Քարե դարդ» շոու–ներկայացմանը։ «Ներկայացման մտահաղացում վաղուց կար։ Շուրջ մեկ տարի է սցենարի վրա աշխատում ենք։ Շատ հետաքրքիր բեմական մոտեցում ենք տվել մեր սիթքոմին։ Ներկայացմամբ հադես կգանք առաջինը ԱՄՆ–ում, հետո հնարավոր է նաև Հայաստանում»,– եզրափակեց Վաչեն։
Ամբողջը՝ life.tert.am