«Գազանապոլիսն» ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակ է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: Այս մասին հայտարարել են հեղինակավոր պարգեւների հանձնման՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած՝ 89-րդ արարողության ժամանակ:
Այս մրցանակին նաեւ հավակնում էին «Մոանա», «Կուբո. Լեգենդ սամուրայի մասին», «Կարմիր կրիան» և «Դդմիկի կյանքը» ֆիլմերը: Արձանիկն ստանալիս մուլտֆիլմի հեղինակները բացատրել են. իրենք հուսով էին, որ, ցուցադրելով կենդանիների աշխարհը՝ կկարողանան մարդկանց աշխարհը դարձնել «ավելի հանդուրժողական»:
«Ավազահավ» գործը «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում առաջ է անցել «Կույր Վայշան», «Պարտք վերցված կյանք», «Տանձի սիդր և սիգարետներ» և «Մարգարիտ» ֆիլմերից:
Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի մրցանակը հանձնվում է ամեն տարի 24 անվանակարգերում: