Մեդոքս Ջոլի-Փիթը՝ ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի 15-ամյա որդեգրված զավակը, դարձել է այն ֆիլմի գործադիր պրոդյուսերը, որը նկարահանում է իր մայրը: Այդ մասին հայտնել է Metro հրատարակությունը:
Ջոլին հայտարարել է, որ հենց Մեդոքսն է համոզել իրեն զբաղվելու այդ նախագծով: Մեկ տարի առաջ նա իրեն ցույց է տվել ամերիկացի կին գրող Լուն Ունի «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» գիրքը, որը պատմում է «կարմիր քմերների» կառավարման մասին: «Նա կարդում էր սցենարը, օգնում դիտողություններով և մասնակցում աշխատանքային խորհրդակցություններին»,- հաստատել է դերասանուհին:
Մեդոքսը ծնվել է 2001 թվականին Կամբոջայում: Յոթ ամիս անց Անջելինա Ջոլին որդեգրել է նրան և տարել ԱՄՆ: Ավելի ուշ նրանք մի քանի անգամ այցելել են այդ երկիր:
1975 թվականին «կարմիր քմերներ» կոմունիստական շարժումը տիրել է իշխանությանը Կամբոջայում: Հաջորդ չորս տարիների ընթացքում նրանց կողմից սանձազերծված բռնաճնշումների հետևանքով զոհվել է երկրի բնակչության երրորդ մասը: