Սևանա լճի սառցակալումը լճի թռչնաշխարհի համար ստեղծել է աղետալի իրավիճակ՝ հանգեցնելով չչվող առանձին թռչնատեսակների մեծաքանակ անկումներին: Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիքի մարզի թռչունների պահպանության միության» խնամակալ, «Սևան Ազգային պարկ»-ի պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանը, Սևանի սառցակալումը ոչ միայն հետաձգել է բազմաթիվ թռչնատեսակների չուն դեպի Գեղարքունիքի մարզ, այլ նաև ստիպել է տեղում մնացող տեսակներին՝ հեռանալու ապահով վայրեր: Իսկ այն թռչունները, ովքեր չեն կարողացել ժամանակին հեռանալ, պարզապես ոչնչացել են մեծաքանակ խմբերով՝ չդիմանալով կերի պակասին ու դաժան պայմաններին:
«Այս օրերին բաց են մնացել միայն Սևանա լիճ թափվող գետաբերանները, որտեղ նկատվում են ջրլող թռչունների մեծ կուտակումներ: Մեր դիտարկումները չարձանագրեցին տառեխի ոչ մի տեսակ:
Շատ փոքր քանակի տեսակներ՝ կարմրագլուխ սուզաբադ, կարմրակտուց բադ, կռնչան բադ, ջրցուլ, սղոցակտուց և այլ տեսակներ, նշմարվել են գետաբերաններում, որտեղ հոգում են իրենց կարիքները: Առավել անհանգստացնող է սև ջրահավերի վիճակը, որոնք հարյուրավորներով սատկել-մնացել են սառույցների վրա, բնադրավայրերում:
Թափառող շների կամ շնագայլերի համար այնքան առատ կերի պաշար է առաջացել վայրի թռչունների սատկելու հետևանքով, որ արդեն իրենց զոհերի վրա դժկամորեն են հարձակվում: Սևանի թռչնաշխարհը, այս օրերին կուտակվելով գետաբերաններում, հեշտ թիրախ է դարձել նաև որսորդների համար»,- ներկայացրեց Արտակ Սարգսյանը:
Թռչունների խնամակալի կարծիքով՝ Սևանի թռչնաշխարհի կենսապայմանների ապահովման առաջին նախապայմանը եղանակների տաքացումն ու սառցե կապանքներից լճի վաղաժամ ազատումն է: Մյուս նախապայմանը մարդկանց կողմից աղետալի վիճակում հայտնված թռչուններին ինչ-որ կերպ օգնելն է, այլ ոչ թե որսի նպատակով ոչնչացնելը: