Հոլիվուդը չափից դուրս խրվել է քաղաքականության մեջ, ինչն էլ 89-րդ արարողության ժամանակ հանգեցրեց «Օսկարի» մրցանակի հանձնման հետ կապված սկանդալին: Փետրվարի 27-ին Breitbart ցանցային հրատարակությանը տված հարցազրույցում այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Կարծում եմ՝ նրանք այնքան են կենտրոնացել քաղաքականության վրա, որ վերջում չկարողացան միասնական գործել: «Օսկարներին» հատուկ գլամուր չկար: Ես այն զգացումը չունեի, թե դա շատ գլամուրային երեկո էր»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Ավելի վաղ PricewaterhouseCoopers հաշվեստուգիչ-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ստանձնում են տեղի ունեցածի պատասխանատվությունը: «Վերջին հաշվով, մենք թույլ տվեցինք սխալ, որի պատճառը մարդկային գործոնն էր,- ավելի ուշ USA Today թերթին պատմել է ընկերության՝ ԱՄՆ-ի ստորաբաժանման ղեկավարներից մեկը՝ Թիմ Ռայանը:- Մեր գործընկերը, որը բեմին կանգնած էր ձախ կողմում, Բրայան Քուլինանը, ոչ այն ծրարը հանձնեց Ուորեն Բիթիին: Հենց որ հասկացանք, որ սխալ է տեղի ունեցել, մենք շտկեցինք այն՝ տեղեկացնելով համապատասխան անձանց»,- հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: