Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայ ականավոր գործիչ Հովսեփ Էմինի կյանքը:
Հովսեփ Էմինը 18-րդ դարի հայ ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից է և իրավամբ, բուրժուա-ազատական գաղափարախոսության առաջին ներկայացուցիչը հայ իրականության մեջ: Հովսեփ Էմինի մասին պատմագրությանը հայտնի է իր իսկ գրքից, որ նա հրատարակել է 1792 թվականին Լոնդոնում, «Հայազգի Հովսեփ Էմինի կյանքը և արկածները, որ ինքն է գրել անգլերեն լեզվով» վերնագրով: Ինչպես նշում է հեղինակը, գրքի հրատարակումը երկու նպատակ է հետապնդել. Եվրոպայի ժողովուրդներին ծանոթացնել Հայաստանի ազատագրության խնդիրներին և հայ երիտասարդների շրջանում սեր արթնացնել հայրենիքի հանդեպ:
Հայտնի է, որ Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին Պարսկաստանի Համադան քաղաքում, հարուստ վաճառականի ընտանիքում: 1744 թվականին Էմինն ընտանիքով տեղափոխվում է Հնդկաստան, հաստատվում Կալկաթայում, որտեղ էլ ավարտում է անգլիական դպրոցը:
Երիտասարդ տարիքում Էմինը ճամփորդում է Եվրոպական երկրներով և 1751 թվականին հայտնվում է Լոնդոնում, ուր սովորում է Վուլվիչի ռազմական ակադեմիայում, յուրացնում ռազմական գործը և բրիտանական բանակի սպայի կոչումով անգամ մասնակցում է Յոթնամյա պատերազմին` կռվելով ֆրանսիացիների դեմ:
Ինչպես ցույց են տալիս Հովսեփ Էմինի հետագա գործողությունները, նրա կյանքի այդ հատվածը ամենևին երիտասարդական արկածախնդրուն չի եղել: Հասու լինելով մտքին, որ հայ ժողովրդի ազատությունը միայն զենքի ուժով է լինելու, Էմինը հատուկ էր ընտրել իր ճանապարհը: Իր ընտրության հարցում Էմինն անգամ հակադրվել է հորը, ով բազում հորդորներով, անգամ սպառնալիքներով փորձում էր որդուն հետ պահել ՙխոտոր՚ ճանապարհից, սպառնալով անգամ նրան զրկել ժառանգությունից: Բայց Հովսեփ Էմինն անդրդվելի մնաց:
Հայաստանի անկախության վերականգնման համար Էմինը դիմեց մեծ Բրիտանիայի թագավորության վարչապետ Վ.Պիտտին, սակայն շատ արագ հասկացավ, որ Բրիտանիան չի կարող էական դեր ունենալ Հայաստանի ազատագրության պայքարում:
1759 թվականին Հովսեփ Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը` Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում, նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք: Եվ 1761 թվականին Էմինը մեկնում է Պետերբուրգ, ուր բանակցություններ է վարում Պետրոս Գ կայսեր հետ` իշխաններ Ա.Մ.Գոլիցինի և Մ.Ի.Վորոնցովի միջոցով: Ցավոք, հայտնի չեն բանակցությունների արդյունքները: Բայց երկու տարի անց Հովսեփ Էմինին աստրախանցի Մովսես Բաղրամյանի և երեք տասնյակ կամավորների հետ արդեն տեսնում ենք Թիֆլիսում` վրաց թագավոր Հերակլ Բ Բագրատունու արքունիքում:
Վրաց արքան սկզբից գրկաբաց ընդունեց Հովսեփ Էմինին, փորձելով նրան ներգրավել իր քաղաքական նկատառումներում: Էմինի նպատակը վրաց թագավորության աջակցությամբ պայքարելն էր թուրք ու պարսիկ նվաճողների դեմ, Հերակլի տիրակալության տակ միավորել հայկական հողերը: Փաստորեն, Հովսեփ Էմինի ծրագրածը հայ-վրացական դաշնության ստեղծումն էր, այնպես, ինչպես որ գոյություն ուներ Հայաստանում ԺԳ-ԺԴ դարերում: Ինքը, Հերակլ Բ համամիտ էր Էմինի ծրագրերին, քանզի անձամբ ցանկանում էր թոթափել կախվածությունը Պարսկաստանից և հաստատել իր գերիշխանությունը Անդրկովկասում: Հերակլ Բ անգամ երկու անգամ բախվեց և պարտության մատնեց Երևանի խանին: Շուտով Էմինը Հերակլ Բ հրահանգով սկսում է վարժեցնել վրաց զորքը` նախապատրաստելով պատերազմին: Նա անգամ կապեր հաստատեց Արևմտյան Հայաստանի գործիչների հետ. մասնավորապես, Մշո սբ.Կարապետ վանքի վանատեր Հովնանը Էմինին խոստացավ հայ-վրացական բանակի, Ալաշկերտի հովտում երևալուն պես զենքի կոչել տասնյակ հազարավոր հայերի:
Սակայն, երբ Հովսեփ Էմինը փորձեց հայ-վրացական գործակցությունը ավելի գործնական քայլերի վերածել, Հերակլ արքան ոչ միայն ոչինչ չարեց, այլև հասկացրեց Էմինին, որ նա ոչ ցանկալի անձ է իր արքունիքում:
Հերակլ Բ այս քայլի մեջ իր մեծ դերակատարությունն ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, ով ամեն կերպ կամեցավ վիժեցնել Հայաստանի ազատագրության Էմինի ծրագրերը:
Ինչևէ, Էմինը հիասթափված, բայց ոչ երբեք հուսահատված, հայտնվեց Արցախում, հույս ունենալով լեռնային կիսաանկախ այս հողում աջակցություն գտնել` իրականացնելու իր պլանները: Էմինին գրկաբաց ընդունեցին ազատասեր արցախցիները: Խամսայի մելիքությունները պայքար էին մղում թուրք-պարսկական նվաճողների դեմ և Հովսեփ Էմինը 1764 թվականին այստեղ առիթ ունեցավ ցուցադրելու իր ռազմական կարողությունները: Գանձակի խանի դեմ պայքարում Հովսեփ Էմինը օգնեց Գյուլիստանի մելիք Հովսեփին` ջախջախելու թշնամուն Գետաշենի մատույցներում:
1167 թվականին Էմինը դարձյալ հայտնվեց Վրաստանում, սակայն Հերակլ Բ նրան արտաքսեց իր երկրից: Հետագայում, 1795 թվականին, Հերակլ Բ անմարդկային վերաբերմունքը նաև եղավ պատճառը, որ արցախի մելիքները վրեժ լուծեցին վրաց արքայից և միացան Թիֆլիս արշավող պարսկական բանակին:
Սակայն, ցավոք, Էմինի ծրագրերն Արցախում էլ չիրականացան և նա ստիպված էր հեռանալ Հայաստանից: 1770 թվականին Հովսեփ Էմինը հաստատվեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում:
Մինչ Հնդկաստան գնալը Էմինը շուրջ երկու տարի ապրեց Հյուսիսային Կովկասում` լեռնականների մոտ: Իր ջոկատով նա այնտեղ շատ քաջագործություններ կատարեց և անձնական խիզախության օրինակներ ցուցաբերեց: Լեռնականները, ովքեր հարգում են մարդու քաջությունն ու ուղղամտությունը, պատրաստ էին հանուն Էմինի վրեժ լուծել վրաց արքայից` խաբելու և Էմինին վտարելու համար, սակայն ի շահ հայության` Հովսեփ Էմինը կարողանում է զսպել նրանց զայրույթն ու արգելել արշավանքը դեպի Վրաստան:
Հնդկահայ գաղութն այն տարիներին ամենակազմակերպված և ամենաուժեղ հայկական գաղթօջախն էր աշխարհում: Հնդկաստանում հավաքված հայ առևտրական կապիտալը անգամ արժանավայել մրցակցում էր աշխարհում իրենց տիրապատությունը հաստատած անգլիացիների հետ:
Եվ պետականությունից զուրկ հայոց կապիտալիստները այդ մրցակցությանը դիմագրավելու և նոր շուկաներ որոնելու ակնկալիքով հասկացան, որ հարկավոր է նպաստել Հայաստանի ազատագրությանը: Եվ հնդկահայ գաղութը լծվեց այդ գործին: Այնտեղ /Մադրաս, Կալկաթա…/ գործում էին Շահամիր Սուլթանում Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը, Մովսես Բաղրամյանը…
Հնդկաստանում տպագրվեց առաջին հայկական պարբերականը` «Ազդարարը», հնդկահայ «Մադրասի հայրենասիրական խմբակը» առաջ քաշեց Հայաստանի ազատագրության ծրագրեր` այն ուղարկելով ռուսական արքունիք: Անգամ մշակվեց ապագա Հայաստանի սահմանադրությունը` «Որոգայթ փառացը»: Մադրասի խմբակի ջանքերով լույս տեսավ «Նոր տետրակ, որ կոչի Յորդորակ» աշխատությունը, որին բաժանորդագրվեցին աշխարհի շատ նշանավոր հայեր ու այլազգի գործիչներ:
Հնդկաստանում Հովսեփ Էմինը մտերմացավ Շահամիր Շահամիրյանի հետ ու մասնակցեց Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությանը: Հնհկահայ հանգանակած միջոցներով Էմինը դարձյալ փորձեց զորք հավաքել և վերադառնալ Հայաստան, անգամ որոշ ժամանակահատվածում` 1777-1783 թվականներին բնակություն հաստատեց Նոր Ջուղայում, սակայն նրա այդ ծրագիրը վիժեցրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը:
Իր ինքնակենսագրական գրքում Հովսեփ Էմինը Հայաստանի ազատագրության իր ծրագրերի վիժեցումը կապում է հայ հոգևորականության հետ, ասելով, որ նրանք իրենց նեղ անձնական շահերից ելնելով և հնազանդության քարոզով ազգին մղում են ստրկության:
Հովսեփ Էմինը մահացավ 1809 թվականի հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում: