Ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը ավելի լուրջ մոտեցում ունենա Սփյուռքի նկատմամբ. Վահե Բերբերյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը ավելի լուրջ մոտեցում ունենա Սփյուռքի նկատմամբ. Վահե Բերբերյան

«Հինգ հոգուց բաղկացած մեր խումբը, որ  ներկա է լինելու  առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քաղաքական գործիչների խումբ չի ներկայացնում: Մեր նպատակը ո՛չ քաղաքական կուսակցություն հիմնելն է, ո՛չ միության հիմք դնելը»,- «Հայ Ձայնի» հետ զրույցի ընթացքում հայտնեց ամերիկաբնակ գրող և դերասան Վահե Բերբերյանը՝  հավելելով, որ իրենց նպատակը Սփյուռքի գոյության մասին հիշեցնելն է և նրա ՝ արդար ընտրություններ իրականացնելու պահանջը: Նա նշեց նաև, որ իրենց համար էական չէ, թե ով է ընտրվողը այնքան ժամանակ, որ թափանցիկ ընտրություններ իրականացվեն:

Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ սփյուռքյան տրամադրվածություններին, Բերբերյանը նշեց,  որ սփյուռքահայերից ոմանք այն կարծիքին են, որ անցյալում Հայաստանի իշխանությունները որքան հնարավոր է անտեսել են  Սփյուռքին, որովհետև իրենց շահերից չի  բխում  Սփյուռքի պահանջները բավարարելը: Ներկայում, գործող վարչապետի ջանքերի շնորհիվ, որոշ փոփոխություններ են կատարել և մերձեցում իրականացնելու միտումները նկատելի են, սակայն մինչ այսօր Սփյուռքի հանդեպ տրամադրվածությունըայնպես է եղել, որ այն միայն նյութական օժանդակություն տրամադրող աղբյուր է և չպետք է միջամտի երկրի ներքին գործերին: Մյուս կողմից կա նաև հակառակ կարծիքը, ըստ որի՝ սփյուռքահայերը, հեռվից դիտելով երկրի վիճակը, չեն չզգում հայրենաբնակ հայրենակիցի խնդիրներն ու ցավերը, հետևաբար որոշում են քիչ միջամտել ներքին քաղաքականությանն ու կյանքին՝ հայրենի  բնակչության իրենց դեմ լարվածություն չառաջացնելու միտումով:

«Մեր խմբի մոտեցումն այն է, որ երբ հայը հարենիքից դուրս է ապրում և Հայաստանի դժվարին պայմաններին ականատես չի դառնում, շատ մեծ անպատասխանատվություն է այն   հայտարարությունը, որ նա անտարբեր է և նրան չի հետաքրքրում, թե այնտեղ ինչ է կատարվում»,- հայտնեց Վահե Բերբերյանը՝ հավելելով, որ ժամանակն է եկել հասկանալու, որ Հայաստանն ու Սփյուռքը հստակ սահմաններով չեն անջատված իրարից ինչպես անցյալում: Կարևոր է նկատի առնել նաև այն, որ  համացանցի  և այլ միջոցների  զարգացման շնորհիվ աշխարհը փոքր գյուղի է վերածվել, հետևաբար շատ հաճախ Հայաստանում տեղի ունեցած դեպքի մասին սփյուռքահայն ավելի շուտ է տեղեկանում, քան հայաստանաբնակը: Մեր օրերում արտագաղթն ու ներգաղթը այնքան են աշխուժացել, որ դժվար է հստակ բնորոշում տալ, թե ով է սփյուռքահայ  և ով ոչ: «Այնպես որ, Սփյուռք-Հայաստան մոտեցումը պետք է վերանայման ենթարկվի»:

Մեր հարցին, թե նշված ոլորտում իրենց խմբի աշխատանքների  շրջանակներում արդյո՞ք երիտասարդների կողմից հետաքրքրություն նկատելի է, Բերբերյանը պատասխանեց, որ ոչ միայն Լոս Անջելեսի, այլև ընդհանրապես տարբեր քաղաքներում երիտասարդների կողմից հետաքրքրություն կա իրենց գործունեութեան նկատմամբ, և դա շատ խրախուսող է: «Եթե Հայաստանի կառավարությունը մի քիչ ավելի լուրջ կերպով հետաքրքրություն ցուցաբերի Սփյուռքի հանդեպ, կարծում եմ՝ շատ բան կարելի է շատ արագ փոխել»:

Վարչապետի վերջին հայտարարությունները՝ կապված Սփյուռքի հետ, լավատեսությամբ են ներշնչել Վահե Բերբերյանին, թեև, ըստ նրա,  կգտնվեն մարդիկ, որոնք կասկածամտությամբ կմոտենան, թե արդյո՞ք այդ խոսքերի որքանն է անկեղծ: «Անձնամբ ես չեմ համարում, որ այդ հայտարարությունները անկեղծ չեն, սակայն եթե անգամ մոտեցումը շատ լուրջ չլինի, այնուամենայնիվ տրամադրվածությունը կա, և այդ մեկին արդեն պետք է լուրջ վերաբերել»:

Փորձեցինք պարզել նաև, թե Լոս Անջելեսի հայությունը ինչպես է ընդունել Բերբերյանի ու իր ընկերների նախաձեռնությունը՝ առաջիկա  ընտրություններին իրենց մասնակցությունը բերելու վեաբերյալ, որին ի պատասխան ամերիկաբնակ արվեստագետը նշեց, որ ԱՄՆ Միջին Արևելքից ու Հայաստանից տարբերվում է նրանով, որ այն բաց հրապարակ է, ամեն մարդ ազատ է խոսելու, իր ասելիքը բարձրաձայնելու համար, հետևաբար բոլոր ձայները կլանող մեկ միասնական ձայն չկա : Նրա կարծիքով՝ քննադատողներ կգտնվեն, որ իրենք քաղաքականությունից  չեն հասկանում, պետք է արվեստի սահմաններից դուրս չգան  ու չմոտենան քաղաքականությանը: «Նման մարդկանց իմ ասելիք ընախ այն է, որ մենք քաղաքականությամբ չէ, որ զբաղվում ենք, երկրորդ՝ արվեստն այնպիսի բան է, որ դժվար է քաղաքականությունից առանձնացնել: Բայց պետք է նշեմ նաև, որ մեր որոշման նկատմամբ ընդհանուր արձագանգը շատ դրական է»:

Պատմելով իրենց առաջիկա գործնական քայլերի մասին՝ Բերբերյանը հայտնեց, որ խումբը մարտի վերջին Երևան է այցելելու, ներկա է գտնվելու ապրիլի սկզբին կայանալիք ընտրություններին՝ նպատակ ունենալով իրենց ներկայությամբ ժողովրդին ցույց տալ, որ «Սփյուռքը իրենց կողքին է»:

«Շատ կարևոր կետ ևս կա, որ մեր ներկայությունը արդար ընտրությունների երաշխիք չէ: Հստակ գիտենք, որ արդյունքներ կեղծվելու են, և մենք այնտեղ գտնվելով չենք գալիս հաստատելու, որ ամեն բան արդար էր և անկեղծ»,- շեշտեց արվեստագետը՝ հավելելով, որ իրենց հետապնդած խնդիրը մեկ օրվա մեջ կամ մեկ ընտրություններով լուծվող երևույթ չէ, այլ երկար տարիների աշխատանք է պահանջում՝ ժողովրդի մեջ այն գիտակցությունն առաջացնելու համար, որ  գումարի դիմաց իրենց ձայնը վաճառելով իրենց արդար իրավունքն են վաճառում, որից հետո տարիներով կրելու են իրենց սխալ արարքի հետևանքները:

«Ես ընդհանրապես փորձում եմ լավատես լինել այս հարցերի առումով, և հույս ունեմ, որ այս ընտրություններին եթե անգամ մի քայլ առաջ գնանք, դա արդեն շատ բան կնշանակի»,- իր խոսքը եզրափակեց ամերիկաբնակ արվեստագետ Վահե Բերբերյանը:

haydzayn.am

 



Նման նյութեր