Իտալիայում ծնելիության մակարդակը հասել է պատմական նվազագույնին
Advertisement 1000 x 90

Իտալիայում ծնելիության մակարդակը հասել է պատմական նվազագույնին

2016 թվականին Իտալիայում նորածինների թիվը կազմել է 474 հազար և այդպիսով պատմական նվազագույնի հասել՝ սկսած 1861 թվականին միասնական իտալական պետության կազմավորման պահից: Այդ մասին նշվում է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat)՝ մարտի 6-ին հրապարակված զեկույցում, որը նվիրված է ժողովրդագրական խնդիրներին:

Այդ փաստաթղթի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ապենիններում ապրում էր 60 մլն 579 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ անցած տարվա ընթացքում երկրի բնակչությունը պակասել է միանգամից 86 հազարով: Դա ամենավատ ցուցանիշն է վերջին տասը տարվա ընթացքում:

Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է բնակչության հետագա ծերացման միտումը: 65-ից բարձր տարիքի բնակիչների ընդհանուր թիվը կազմել Է 13,5 միլիոն՝ գերազանցելով երկրի բնակչության 22 տոկոսը:

80-ի սահմանը հատած տարեց մարդկանց թիվը հասել է 4,1 միլիոնի (բնակչության գրեթե 7 տոկոսը), իսկ 727 հազար իտալացիներ 90-ն անց տարիքում են (1,2 տոկոսը): 100-ից բարձր տարիքի երկարակյացների թիվը ներկայում Իտալիայում կազմում է մոտավորապես 17 հազար:

Իտալացիների միջին տարիքն այժմ հավասար է 44,9-ի: Երկրում գրանցվել է կյանքի սպասվող տևողության հետագա ավելացում, որը տղամարդկանց համար կազմում է 80,6, իսկ կանանց համար՝ 85,1 տարի:

Ժողովրդագրական ինդեքսը, որը ցույց է տալիս մեկ իտալահուն միջին հաշվով բաժին ընկնող երեխաների թիվը, նվազում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ և այժմ կազմում է միայն 1,34: Սա կրկնակի պակաս է, քան այսպես կոչված «բեբի-բումի» ժամանակաշրջանում, որն Իտալիան 20 տարի շարունակ ապրում էր Երկորդ համաշխարհային պատերազմից հետո:

Istat-ի տվյալների համաձայն, շարունակում է ավելանալ նաև այն քաղաքացիների թիվը, որոնք մշտական բնակության են մեկնում արտասահման: 2016 թվականին միանգամից 115 հազար իտալացիներ որոշում են ընդունել հեռանալ հայրենիքից: Վերջին վեց տարվա ընթացքում նման ընտրություն կատարած մարդկանց թիվն ավելացել է գրեթե եռակի:

Միևնույն ժամանակ անցած տարվա ընթացքում Ապենիններ են ժամանել 293 հազար օտարերկրացիներ, բայց դրա հետ մեկտեղ Իտալիայի սահմանները լքել են 157 հազար միգրանտներ: Այժմ օտարերկրացիների թիվը, որոնք մշտապես բնակվում են երկրում, կազմում է գրեթե 5,3 միլիոն, այսինքն՝ բնակչության ավելի քան 8 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր